Եթե մեզ հրավիրած լինեին հարևան երկիր, մենք անգամ այնտեղ կերգեինք. Երաժշտությունը չի ճանաչում ո՛չ սահմաններ, ո՛չ քաղաքական հայացքներ»
«Մի կողմից՝ բլյուզը շատ հեշտ, պարզ երաժշտություն է, ու այս պարզությունն է մարդկանց ստիպում լսել, մյուս կողմից էլ՝ այն զգալու համար անհրաժեշտ է որոշակի կյանքի փորձ. ինչ-որ բան սովորել, ինչ-որ բան ապրել, ինչ-որ բան հասկանալ»,- Հայաստանի Առաջին Հանրապետության 99-ամյակին նվիրված ծրագրին ընդառաջ՝ հունիսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ռուսաստանցի հայտնի երաժիշտ, բիզնեսմեն և բարեգործ, D’Black Blues Orchestra խմբի մենակատար Վլադիմիր Ավետիսյանը: Հանդիպման ընթացքում նա ներկայացրեց մանրամասներ հունիսի 3-ին կայանալիք համերգից:
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին՝ ժամը 18:00-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա D’Black Blues Orchestra խմբի համերգը: Երևանում տեղի կունենա The Anthology of Blues-ի շոուի պրեմիերան:
D’Black Blues Orchestra խմբի հետ միասին երևանյան բեմում հանդես կգա ամերիկացի բլյուզ երգիչ Մոնիկա Գրինը (Monica Green): D’Black Blues Orchestra խմբի կազմում հանդես կգան երաժիշտներ Իսպանիայից, Ֆրանսիայից, Շվեդիայից: Վլադիմիր Ավետիսյանի խոսքով՝ վաղվա բեմում բեկվոկալիստները կլինեն երեք սևամորթ աղջիկներ:
D’Black Blues Orchestra-ի համերգին երևանյան հանդիսատեսը կլսի բլյուզի համաշխարհային ժառանգության առավել հայտնի ստեղծագործություններ, ռեգգի հիթեր: Խմբի մենակատարի տեղեկացմամբ՝ համերգին կլինի 20-25 գործիք, այդ թվում՝ նաև դուդուկ:
D’Black Blues Orchestra խումբը հայաստանյան հանդիսատեսին հայտնի է դարձել հատկապես Դիլիջանում տեղի ունեցած համերգից:
Վլադիմիր Ավետիսյանը, հանդիսանալով UWC Դիլիջան միջազգային քոլեջի հիմնադիրներից մեկը, D’Black Blues Orchestra խմբի հետ անցած տարի Դիլիջանում ելույթ էր ունեցել, քանի որ, իր պարզաբանմամբ, երեխաներին ավելի վաղ խոստացել էր, որ, եթե իրենք լավ սովորեն, ավարտեն, կգա ու կերգի իրենց ավարտական երեկոյին:
Հանդիպման ընթացքում Վլադիմիր Ավետիսյանը խոսեց նաև Ղարաբաղ այցելության մասին.
«Մենք խմբով Ղարաբաղում ելույթ ունեցել ենք, նույնիսկ ֆան ակումբ ունենք այնտեղ: Հրավերի դեպքում մեծ հաճույքով կգնանք: Մենք ոչ մի տեղ չենք գնում՝ քաղաքական նպատակներից ելնելով: Եթե մեզ հրավիրած լինեին հարևան երկիր, մենք անգամ այնտեղ կերգեինք: Երաժշտությունը չի ճանաչում ո՛չ սահմաններ, ո՛չ քաղաքական հայացքներ: Այն պատկանում է բոլորին, անկախ նրանից, թե ո՞ր տարածքում ես ապրում: Մարդիկ մեղավոր չեն, որ ինչ-որ քաղաքական հարցեր լուծված չեն: Հետևաբար՝ ինչի՞ համար պատժել»:
Ինչ վերաբերում է հայ հանդիսատեսին, ապա «Հայաստանը շատ երաժշտական երկիր է: Իմ կարծիքով՝ ջազն ու բլյուզն այստեղ շատ սիրում են ու հասկանում: Իմ տեղացի ընկերներն ինձ ուզում են համոզել, որ վատ երաժշտություն, ամեն դեպքում, գոյություն ունի, բայց ես այդպես չեմ կարծում: Նրանք ինձ ասում են՝ «արի, դնենք Արմենչիկ քո համար», ես ասում եմ՝ «ինչո՞ւ ոչ, ինձ դուր է գալիս»: Ամեն ինչ կախված է ձեզանից. ինչպես եք ձեզ զգում, ինչ եք սիրում, պետք չի սահմանափակել»:
D’Black Blues Orchestra-ն միջազգային բլյուզ նախագիծ է: Խմբի լիդերը ռուս երաժիշտ, գործարար և բարերար Վլադիմիր Ավետիսյանն է: D’Black Blues Orchestra-ն համերգային շրջագայություններով հանդես է եկել Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում, Իսպանիայում, Չինաստանում, Ուկրաինայում, Սկանդինավյան և Բալթյան երկրներում:
Անի Թորոսյան