«Ես կողմ եմ, եթե դպրոցների օպտիմալացման արդյունքում դուրս մնան վատ աշխատող ուսուցիչներ և տնօրեններ»
Հայաստանի Հանրապետության դպրոցների օպտիմալացման գաղափարը կարող է միջոցների խնայողություններ ապահովել, սակայն այդ գաղափարը իրականացնելիս պետք է լավ նախապատրաստվել և որոշ գործոններ հաշվի առնել: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
«Հայաստանը պետք է փոքր ռեսուրսներով հնարավորինս մեծ արդյունքների հասնի: Այս առումով դպրոցների օպտիմալացմանը միանշանակ կողմ եմ, սակայն պետք է կրթական համակարգը ընդհանուր դիտարկվի, ուսումնասիրվի և այդ ամբողջության մեջ իրականացվի օպտիմալացումը»,- նշեց Խաչատրյանը և հավելեց, որ դպրոցների օպտիմալացումը պետք է լինի բարեփոխումների ծրագրի մի մասը:
Կրթության փորձագետը էական է համարում նաև այն, թե ինչպես է կատարվելու դպրոցների օպտիմալացումը:
«Ես կողմ եմ, եթե դպրոցների օպտիմալացման արդյունքում դուրս մնան վատ աշխատող ուսուցիչներ և տնօրեններ: Բայց մյուս կողմից՝ կարող են աշխատանքից զրկվել նաև լավագույն ուսուցիչները և տնօրենները: Այս պարագայում պետք է մեխանիզմներ ստեղծվեն, որ տվյալ մանկավարժները գործազուրկ չմնան»,- ասաց Խաչատրյանը:
Ըստ նրա՝ ներկայումս քննարկվում է մինչև 300 աշակերտ ունեցող քաղաքային դպրոցների, ինչպես նաև երկրորդ և ավելի հերթափոխ ունեցող դպրոցների հարցը:
«Փոքր շենքային պայմաններում շատ աշակերտներ ունեցող դպրոցներում նախատեսվում է աշակերտների թիվը նվազեցնել: Այսինքն՝ այնպես անել, որպեսզի չունենանք քիչ աշակերտներով մեծ դպրոց և հակառակը»,- նշեց փորձագետը:
Ըստ նրա՝ օպտիմալացումով նաև պետք է առանձին հաշվի առնվի գյուղական համայնքների դպրոցների խնդիրը:
«Օպտիմալացման արդյունքում խնայված ռեսուրսները, կարծում եմ, պետք է օգտագործվեն գյուղական համայնքների դպրոցներում, որովհետև այնտեղ կան շենքային պայմանների, ջեռուցման համակարգի, ուսուցիչների աշխատավարձի խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն»,- ասաց Խաչատրյանը: