«Ազգային հավաքականում իրար լպստելով ման են գալիս». Ռուբեն Հայրապետյան
«Բա որ կարոտում էին Հայաստանի հավաքականը, ինչո՞ւ էին փախչում հավաքականի խաղերից»։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանի այն հայտարարությանը, թե կարոտում է հավաքականը, այս մասին ասաց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։
«Բա վերջին 3 տարին ինչո՞վ էր զբաղված Յուրա Մովսիսյանը, երբ որ այդքան կարոտում էր. դեմագոգիայով պետք չէ զբաղվել։ Կարոտում են հավաքականը. եթե մարդիկ իրար կարոտում են, տեսնելիս գրկախառնվում են, բա որ կարոտում էր, ինչո՞ւ էր փախչում հավաքականի խաղերից։ Մի ժամ առաջ ինչո՞ւ էր գալիս ասում՝ ոտքս է ցավում, կամ խուսափում էր մարզումներից, բազմաթիվ բաներ կան, որ դուք ինձնից լավ գիտեք։ Դուք որ իրեն սիրով պատասխանեք, չթողնենք, որ ես պատասխանեմ, ինքը խելոք վեր կընկնի իր տեղը»,- ասաց նա։
Լրագրողը հետաքրքրվեց՝ դարպասապահ Գևորգ Կասպարովին կտեսնե՞նք հավաքականում։
«Ոչ, որովհետև մարզիչը նրան չի վերցնում հավաքական։ Եթե մարզիչը որոշում է կայացնում, ես համակարծիք եմ մարզչի հետ։ Ես միշտ մարզչի ու նրա որոշման կողքին եմ, մարզիչն էլ՝ իմ որոշման։ Ժողովուրդ ջան, էնքան սիրով կոլեկտիվ է դարձել մեր հավաքականը, մի ընտանիք է, նորից դարձել ենք էն հավաքականը, որը երազում ենք։ Եկեք՝ էդ անունները մի տվեք, որոնք մոլախոտի պես կմտնեն ու կքայքայեն։ Հիմա ընտանիքի պես ենք. մարզիչ բռնած, ֆուտբոլիստներով, սպասարկող անձնակազմով՝ իրար լպստելով ման են գալիս։ Թողեք՝ հանգիստ մեր հավաքականն իր խաղերը խաղա»։