«Մենք չունենք այլ տարբերակ։ Մենք պետք է ժողովրդավարություն կառուցենք, դա է մեր ռեսուրսը»

Եվրամիության (ԵՄ) և Հայաստանի միջև ստորագրվելիք համաձայնագիրը բավական լուրջ ծածկույթ ունի՝ և ոլորտային, և համագործակցության ձևաչափեր սահմանելու տեսանկյունից։

Այս մասին այսօր «ԵՄ-Հայաստան հարաբերությունները և հեռանկարները» թեմայով միջազգային կոնֆերանսի ընթացքում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը։

«Հայաստան-Եվրամիություն երկկողմ հարաբերություններին, իրավական կարգավորման փաթեթին և ներկա զարգացումներին գալով՝ ցանկանում եմ նշել, որ, ինչպես տեղյակ եք, գործող համաձայնագիրը, որը ստորագրվել է 1996թ., ուժի մեջ մտել՝ 1999թ., արդեն 20 տարի և ավելի կիրառման պատմություն ունի և այս տեսանկյունից, բնականաբար, անհրաժեշտություն, երկուստեք հավակնություն և ցանկություն կար իրավական գործող հիմքը նորացնելու, թարմացնելու, այն դարձնելու ավելի համահունչ Հայաստանի և Եվրամիության պատրաստակամությանը և մոտեցումներին՝ ձևավորելու էլ ավելի ինտենսիվ համագործակցության իրավական հիմք։

Այս նպատակով էր, որ ինտենսիվ աշխատանքներ են ընթացել նոր շրջանակային համաձայնագրի բանակցման ուղղությամբ, որը, ինչպես տեղյակ եք, նախաստորագրվեց այս տարվա մարտին Երևանում»,- ասաց նախարարի առաջին տեղակալը՝ նշելով, որ ներկայումս ընթանում են համաձայնագրի նախաստորագրումից հետո անհրաժեշտ գործընթացները, մասնավորապես՝ իրավական հղկման գործընթացը, որը ԵՄ հանձնաժողովի ընթացակարգային պահանջներից մեկն է։ Նրա խոսքով՝ դրան կհաջորդի ևս մեկ տեխնիկական փուլ, որն առնչվում է համաձայնագրի թարգմանությանը.

«Մեր պարագայում՝ հայերեն, Եվրամիության պարագայում՝ 20-ից ավելի պաշտոնական լեզուներով, այնուհետև համաձայնագիրը նոյեմբերին պատրաստ կլինի ստորագրման։ Մեր բոլորի ցանկությունն այս պահին նոյեմբերին կայանալիք գագաթաժողովի ժամանակ համաձայնագիրը ստորագրելն է, և ես վստահորեն կարող եմ նշել, որ երկու կողմերը ջանք չեն խնայում այս գործընթացն ապահովելու և տարեվերջին ստորագրումն իրականացնելու առումով»։

Նախարարի տեղակալի խոսքով՝ տեխնիկական-մասնագիտական տեսանկյունից աշխատանքները բավական ծավալուն են, քանի որ խոսքը բավական ծավալուն համաձայնագրի մասին է, հայկական կողմը և Եվրոպական հանձնաժողովի մասնագետները բավական մեծ ծավալի աշխատանք ունեն անելու»։

Գագիկ Մելքոնյանն ասաց, որ համաձայնագիրը բավական լուրջ ծածկույթ ունի՝ և՛ ոլորտային, և՛ համագործակցության ձևաչափեր սահմանելու տեսանկյունից։
«Ես վստահ եմ, որ առաջիկա երկար տարիների համար այն հանդիսանալու է բավական լավ, արդյունավետ իրավական հիմք՝ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման, երկխոսության ակտիվացման, ինչպես նաև՝ այդ համագործակցության վրա հիմնված՝ Հայաստանում բարեփոխումներ իրականացնելու գործընթացներն ակտիվացնելու տեսանկյունից»,- ասաց նախարարի տեղակալը։

«Մենք նավթ ու գազ չունենք։ Մենք չունենք այլ տարբերակ։ Մենք պետք է ժողովրդավարություն կառուցենք, դա է մեր ռեսուրսը։ Ովքեր այսօր չեն հասկանում, վաղը կհասկանան, որ մենք պարտավոր ենք օգտագործել լուրջ հարաբերությունը։ Երկրորդը՝ մենք ԵԱՏՄ անդամ ենք։ Մենք այլևս որևէ իլյուզիա չունենք։ Տեսաք՝ կան ազգեր, որ մտածում են, որ այդտեղ ինչ-որ բան կա։ Մենք մեծ առավելություն ունենք, մենք այսօր հասկացանք՝ ինչ է դա՝ ԵՏՄ-ն»,- իր խոսքում ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։

Տեսանյութեր

Լրահոս