«Մոսկվայի ցիկլոնը տեղափոխվել է Արևմտյան Սիբիր. ուժեղ փոթորիկներ մեզ մոտ չենք կանխատեսում». Գագիկ Սուրենյան
Մայիսի 29-ին Մոսկվայի հյուսիս-արևելքում, հարավ-արևմուտքում դիտված ուժեղ փոթորիկը մեր ազգաբնակչության շրջանում մեծ իրարանցում է առաջացրել: Եվ քանի որ ազգաբնակչության մեջ տարածված է այն կարծիքը, որ մոսկովյան եղանակակլիմայական պայմանները մի քանի օր հետո տեղափոխվում են Հայաստան, հետևաբար՝ անհանգստություն կար, որ այդ փոթորկաբեր ճակատը ևս կարող է տեղափոխվել Հայաստան:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ժողովրդի անհանգստություններին՝ նշեց.
«Բարեբախտաբար, այդ ցիկլոնը շարժվել է դեպի Ուրալ, մենք որևէ մտավախություն չունենք այս պահին, որ այդ փոթորկաբեր ճակատը կարող է տեղաշարժվել Հայաստան, որովհետև նա արդեն Ուրալն էլ է անցել, տեղափոխվել է արդեն Արևմտյան Սիբիր»:
Գագիկ Սուրենյանի խոսքով՝ այս ճակատը ձևավորվել է Արկտիկայից ներթափանցած -5 աստիճան ջերմաստիճան ունեցող և Միջերկրական ծովից վերև բարձրացած +20 աստիճան ջերմաստիճան ունեցող օդային զանգվածների բախումից, այսինքն՝ երկու օդային զանգվածները բախվել էին իրար, ունեցել են մոտ 25 աստիճան ջերմաստիճանի տարբերություն, ու սա էլ հանգեցրել է հզոր ապրոպային ամպերի զարգացման: Այս դեպքում ամպի հաստությունը հասել է 15 կիլոմետրի:
Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի դիտարկմամբ՝ մեր երկրում առաջիկա օրերին կարող է դիտվել ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում, բայց ինչ վերաբերում է նման մասշտաբային ուժեղ փոթորիկներին, ապա այսպիսի գործընթացներ առաջիկա օրերին չեն կանխատեսվում:
«Այն օդային զանգվածների բախումը, որ տեղի ունեցավ Մոսկվայում, կարող էր ավելի վառ արտահայտված տեղի ունենալ Հայաստանում, որովհետև մենք ունենք բարդ ռելիեֆի ձևեր, նման ճակատները սովորաբար լեռնաշղթաների հողմակողմ լանջերին ակտիվանում են: Եթե մեզ մոտ նման գործընթաց լիներ, չի բացառվում, որ կունենայինք հզոր փոթորիկ»,- հավելեց բանախոսը:
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Մոսկվայի հյուսիս-արևելքում, հարավ-արևմուտքում ուժեղ փոթորիկ էր տեղի ունեցել, որի հետևանքով 11 մարդ է զոհվել, իսկ 70 մարդ տուժել է:
Անի Թորոսյան