Սենատոր ՄաքՔեյնը Ռուսաստանին և Պուտինին ավելի վտանգավոր է համարում, քան ԴԱԵՇ-ը

ԱՄՆ-ի սենատոր Ջոն ՄաքՔեյնը Ռուսաստանին եւ այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին համարում է «ամենամեծ մարտահրավերը, ավելի մեծ մարտահրավեր, քան իրենից ներկայացնում է ԴԱԵՇ ծայրահեղական խմբավորումը»։

Ավստրալիա կատարած այցի ժամանակ հեռուստատեսությանը տված հարցազրույցում սենատոր Ջոն ՄաքՔեյնն ասել է, թե Ռուսաստանի նախագահ Պուտինը փորձել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում իր ազդեցությունը գործելու ջանքերով «ոչնչացնել ժողովրդավարության հիմքերը»։

«Չեմ տեսնում փաստ այն մասին, որ նրանց դա հաջողվել է անել, սակայն նրանք փորձել են եւ շարունակում են փորձել։ Վերջերս էլ նրանք փորձել են ազդել Ֆրանսիայի ընտրությունների արդյունքի վրա։ Այդ պատճառով Ռուսաստանին եւ Վլադիմիր Պուտինին, որին հաջողվեց մասնատել Ուկրաինան, եւ որը ճնշումներ է բանեցնում բալթյան երկրների վրա, համարում եմ մեր առջեւ կանգնած ամենամեծ վտանգը»,- ասել է ՄաքՔեյնը։

ՄաքՔեյնը նման հայտարարությամբ է հանդես գալիս այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտնվել է Ռուսաստանի հետ կապեր ունենալու կասկածով հետաքննության ներքո։ Ըստ կասկածների, Թրամփի փեսան՝ Սպիտակ տան ավագ խորհրդական Ջարեդ Քուշները փորձել է մինչեւ Թրամփի երդմնակալությունը, հետին ուղիներով կապ հաստատել Ռուսաստանի պաշտոնատար անձանց հետ։

«Դա ինձ ամենեւին դուր չի գալիս։ Գիտեմ, որ վարչակազմի որոշ պաշտոնյաներ ասում են, թե դա սովորական ընթացակարգ է։ Սակայն ես այդպես չեմ կարծում, երբ այն տեղի է ունենում պաշտոնամուտից առաջ եւ երբ խոսքը վերաբերում է մեկին, որը չի զբաղեցնում նշանակովի պաշտոն», ասել է կոնգրեսականը։

Այս հարցի շուրջ Կոնգրեսում շուտով վկայություններ է տալու Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Քոմին։ Քոմիին Թրամփը վերջերս ազատեց պաշտոնից։ Ըստ որոշ տեղեկությունների, Թրամփն ավելի վաղ խնդրել էր նրան դադարեցնել Ազգային անվտանգության հարցով նախկին խորհրդական Մայքըլ Ֆլինի նկատմամբ եւ Կրեմլի հետ իր սերտ կապերի հարցով սկսված հետաքննությունը։

Թրամփը հերքում է Ռուսաստանի հետ գաղտնի համաձայնության գալու հարցով բոլոր մեղադրանքները։

Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ռոբերտ Մյուլերը նշանակվել է այս գործն ուսումնասիրելու հատուկ խորհրդատու։ Իսկ Կոնգրեսում մի քանի հանձնաժողովներ, իրենց հարցերին պատասխանելու համար այստեղ են հրավիրել Թրամփի ներկա ու նախկին մի շարք օգնականների։

Տեսանյութեր

Լրահոս