«Հունիսի 1-3-ը հանրապետությունը գտնվելու է սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում». Գագիկ Սուրենյան
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հիդրոմետ ծառայության oդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն այսօրվա ասուլիսում ներկայացրեց առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը:
Առաջիկա 5 օրերին ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի այսօր՝ մայիսի 31-ին, Սյունիքում, Արարատյան դաշտում՝ հասնելով մինչև +30…-+32 աստիճանի:
Հունիսի 1-ին օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 2-4 աստիճանով: Երևանում այն չի գերազանցի +27…+29 աստիճանը: Մինչև հունիսի 4-ը եղանակը կմնա անփոփոխ: Հունիսի 5-ից երկիր կներթափանցեն տաք օդային հոսանքներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա հանրապետության հովտային շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաքում՝ հասնելով մինչև +32…+33 աստիճանի, իսկ Սյունիքի հովտային գոտում՝ մինչև +34…+35 աստիճանի:
Հունիսի 1-ից մինչև 3-ը հանրապետությունը գտնվելու է սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում, որն ակտիվանալու է երեկոյան ժամերին, այսինքն՝ օրվա առաջին կեսին հիմնականում կգերակշռի կայուն արևային եղանակ, երեկոյան ժամերին՝ 17:00-18:00-ից հետո, հանրապետությունում կզարգանա ամպրոպային ամպամածություն:
Շրջանների զգալի մասում հունիսի 1-ից մինչև 3-ը երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ. հյուսիսային շրջաններում ՝ Շիրակ, Լոռի, Տավուշ հատվածում, մեծ է նաև կարկուտի հավանականությունը: Ամպրոպները կուղեկցվեն քամու ուժգնացմամբ՝ մինչև 20-25 մ/վ արագությամբ:
Հունիսի 4-ին, 5-ին ցիկլոնի ազդեցությունը կթուլանա և կպահպանվի միայն Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի լեռներում, Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում: Հանրապետության մյուս շրջաններում կգերակշռի առանց տեղումների եղանակ:
Անի Թորոսյան