«Պատրաստ եմ անձամբ միջնորդել գործ հարուցել». Գևորգ Կոստանյան
«Եթե դու ունենաս դատավորի շատ բարձր աշխատավարձ, դա ինքնին դեռևս չի նշանակում կոռուպցիայի բացառում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը՝ մեկնաբանելով դատավորների, քննիչների աշխատավարձի բարձրացումն ու կոռուպցիայի բացառման փոխկապակցվածությունը:
Ըստ նրա` դատավորների կողմից կոռուպցիայի հիմքերն ավելի խորը արմատներ ունեն, քան սոցիալական ապահովությունն է, բայց այդ իրավիճակը միայն Հայաստանին չէ բնորոշ: Կոստանյանի կարծիքով` աշխատավարձերի բարձրացումը կնվազեցնի ռիսկը, բայց իսպառ չի վերացնի:
Անդրադառնալով դատախազներին` Կոստանյանը վստահեցրեց, թե իր պաշտոնավարման ժամանակ դատախազությունում կոռուպցիա չի եղել.
«Իմ պաշտոնավարման ժամկետում, եթե կա մեկը և կլինի որևէ մեկը, որ կասի՝ այսինչ դատախազը կաշառք է վերցրել, առավել ևս վերևներին է տվել, անգամ նման հայտարարություն լինի, ես պատրաստ եմ անձամբ միջնորդել գործ հարուցել»:
Նրա խոսքով` գլխավոր դատախազ աշխատելու տարիներին ինքն է բարձրացրել կոռուպցիոն դրսևորումների մասին և առաջին անգամ 10-15 քննիչների, փաստաբանների դատի է տվել, ովքեր փող էին վերցրել մեղադրյալներից, պաշտպաններից՝ դատախազին փոխանցելու համար:
Գ.Կոստանյանը կաշառքը որակեց որպես անբարոյականություն. «Անբարոյականությունից դրսևորվող վարքագիծը, անկախ նրանից, թե ում կողմից է դրսևորվում, դա անբարոյականություն է իր էությամբ»: