ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հետաքրքրվել են Հայաստանում ռուսական ռազմաբազայով
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ներկայացուցիչներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեցին մայիսի 26-29-ը Թբիլիսիում կայացած վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքները: Պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը նշեց, որ ադրբեջանական պատվիրակությունը փորձել է սադրանքների գնալ, սակայն հայկական պատվիրակությունը, թեև պատասխանը տվել է, բայց հավատարիմ են մնացել վեհաժողովի օրակարգին:
Ըստ նրա` վեհաժողովում քննարկվել է Իսլամական պետության խնդիրը, որ ոչ միայն ՆԱՏՕ-ի համար է վտանգ ներկայացնում, այլև ՆԱՏՕ-ի գործընկերներին. «ԻԼԻՊ-ի կողմից ծայրահեղականության աճի վերաբերյալ հնչել են մտահոգություններ»:
Պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանի խոսքով` վեհաժողովում խոսք է եղել Հայաստանում ռուսական ռազմաբազայի մասին, սակայն ինքը վստահեցրել է, որ ռազմաբազան ոչ մի առնչություն չունի Ղարաբաղյան հակամարտության հետ, իսկ իր դիտարկումը, որ Վրաստանն անհամեմատելի է Ադրբեջանի հետ, քանի որ չի հարձակվում Աբխազիայի վրա և չի խոշտանգում մարդկանց. «Մեր մասնակցությունը նման վեհաժողովներին կարևոր է նրանով, որ միակողմանի տպավորություն չլինի միջազգային հանրության մոտ»:
168.am-ի հարցին` քննարկվե՞լ է ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունը, որ ռուսական ռազմաբազաները, այդ թվում` Հայաստանում գտնվողը, կարող են օգտագործվել ԻԼԻՊ-ի դեմ պայքարում, Կ.Նահապետյանը պատասխանեց, որ նման հարց չի հնչել. «Հայաստանում ռուսական ռազմաբազայի հետ կապված ոչ մի մտահոգություն չի հնչել ոչ մի պատվիրակի կողմից»: