Բաժիններ՝

Գերմանիայի իշխող կուսակցություններից մեկը զինվորներին թուրքական ռազմաբազայից դուրս բերելու որոշում է կայացրել

Գերմանիայի իշխող կոալիցիայի մաս կազմող Սոցիալ­դեմոկրատական կուսակցությունը (SPD) մայիսի 30­-ին խորհրդարանում կայացած խմբակցության նիստի ժամանակ թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայում ծառայող գերմանացի զինվորներին հետ կանչելու մասին որոշում է կայացրել: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-­ն:

Կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի տեղակալ Ռոլֆ Մյութզենիխն ընդգծել է, որ այս որոշումը պետք է հստակ ուղերձ լինի թուրքական կառավարությանը:

Նա հայտնել է, որ զինվորներին վերջնական հետ կանչելու մասին որոշումը կայացնելու է դաշնային խորհրդարանը: «Գերմանիայի ու Թուրքիայի հարաբերություններն այս պահին ծանր խնդիրներ ունեն: Գերմանացի զինվորներին Ինջիրլիքի ռազմաբազայից դուրս բերելը մեզ համար բարդ որոշում է, սակայն թուրքական կառավարությունը պետք է քաջ գիտակցի, որ մեր կողմից էլ համագործակցությունը որոշակի սահմաններ ունի»,­-ասել է Մյութզենիխը՝ հիշեցնելով թուրքական կառավարությանը, որ Եվրամիությանն անդամակցության հարցում Գերմանիան ծանրակշիռ խոսք ունի:

Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները վերջին ավելի քան մեկ տարվա ընթացքում շարունակում են լարված մնալ: Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից, Գերմանիայում թուրք քաղաքական գործիչների նախընտրական ելույթներն արգելելուց հետո հարաբերություններում վերջին լարվածության պատճառ է դարձել այն, որ պաշտոնական Անկարան արգելել է գերմանացի պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա: Թուրքական կողմի որոշման վրա ազդել է այն, որ Գերմանիան բավարարել է դիվանագիտական անձնագիր ունեցող թուրք զինվորների՝ ապաստան տրամադրելու դիմումները:

Շատ գերմանացի քաղաքական գործիչներ հայտարարել են այն մասին, որ Գերմանիան պետք է իր զինվորներին հետ կանչի Ինջիրլիքի ռազմաբազայից: Իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Ինջիրլիքի ռազմաբազային այլընտրանք գտնելու անհրաժեշտության մասին: «Պետք է ուսումնասիրեն այլընտրանքները: Հորդանանը հավանական տարբերակներից է»,­-ասել է նա: Պաշտոնական Անկարան խնդրի առնչությամբ հայտարարել է, թե այցն «այս պահին նպատակահարմար չէ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս