Գերմանիան դեմ է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը 2018 թվականին Թուրքիայում անցկացնելուն
ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկրներ՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների եւ Դանիայի գլխավորությամբ, կտրականապես դեմ են արտահայտվել դաշինքի գագաթնաժողովը 2018 թվականին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացնելուն: Այդ մասին հայտնել է Die Welt թերթը:
Ինչպես հիշեցնում էթերթը, ՆԱՏՕ-ի՝ 2016 թվականի հուլիսին Վարշավայում կայացած գագաթնաժողովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկեց հաջորդ երկու տարիներին 28 անդամ պետությունների հանդիպումներին անցկացնել Ստամբուլում: Ու թեեւ դրա վերաբերյալ պաշտոնական որոշում չէր ընդունվել, ենթադրվում էր, որ հրավերը կընդունվի: Սակայն այժմ, ըստ Die Welt-ի տեղեկատվության, դիրքորոշման կտրուկ փոփոխություն է սպասվում:
«Մենք չենք ցանկանում, որ այն տպավորությունն ստեղծվի, թե ՆԱՏՕ-ն պաշտպանում է Թուրքիայի կառավարության ներքին քաղաքականությունը»,-հրատարակությունը մեջբերել է դիվանագիտական շրջաններում իրադրությանը ծանոթ բարձրաստիճան աղբյուրների խոսքը:
Վերոհիշյալ երկրներն առաջարկել են 2018 թվականին հանդիպումն անցկացնել Բրյուսելում, Բելգիան պատրաստակամություն է հայտնել ընդունել գագաթնաժողովն իր տարածքում: Պաշտոնապես դրա վերաբերյալ որոշումը հայտնի կդառնա, ամենայն հավանականությամբ, ՆԱՏՕ-ի երկրների պաշպանության նախարարների՝ հունիսին կայանալիք հանդիպմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: