«ՀՀԿ-ում կադրային սով չկա, ընտրության մեջ նույնիսկ դժվարանում ենք». Վահրամ Բաղդասարյանը` Հովհաննես Հովսեփյանի վերանշանակման մասին

Հովիկ Հովսեփյանն արդեն բավականին փորձառություն ունեցող անձնավորություն է, որն արդեն ապացուցել է, որ այդ պոստում, որտեղ նշանակվել է, ինքն արդարացրել է իրեն, որից հետո նա այլ տեղ է աշխատել, բնականաբար, Պետական եկամուտների կոմիտեում, և մենք շատ թեկնածուների մեջ նորից ընտրել ենք Հովիկ Հովսեփյանին, որովհետև ինքը կարող անձնավորություն է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` մեկնաբանելով ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետի պաշտոնում Հովհաննես Հովսեփյանի նշանակումը, որը նախկինում արդեն տարիներ շարունակ ղեկավարել էր այդ կառույցը:

Վ.Բաղդասարյանը չհամաձայնեց տեսակետների հետ, որ Հանրապետական կուսակցությունում կադրային սով է.

«Հակառակը, ես պնդում եմ, որ կադրային բազան շատ է, և ընտրության մեջ նույնիսկ դժվարանում ենք»:

Իսկ թե ինչպե՞ս է ստացվում, որ պաշտոնյաների զավակներն են նորից պաշտոնների անցնում, կամ տարբեր պաշտոններում նույն անձանց փոխատեղումներ են լինում, Վ.Բաղդասարյանը պատասխանեց, թե իր համար տարբերություն չկա, թե ում որդին է, ում զավակը. «Ես նայում եմ այդ մարդու կարողություններին: Մենք նշանակում ենք մարդկանց, որոնք բանիմաց են, կարող են: Դուք չեք գտնի մարդ, որը բանիմաց չէ իր ոլորտում: Փոխատեղումներն էլ նորմալ է, բնականաբար»:

Տեսանյութեր

Լրահոս