«Հակակոռուպցիոն մարմնի ստեղծման հանգամանքը չի կարող նպաստել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը». Գևորգ Կոստանյան

«Մենք կարող ենք ստեղծել հակակոռուպցիոն 10 մարմին, բայց դա չի նշանակում, որ ինքնին այդ ստեղծման հանգամանքը կարող է նպաստել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը: Պետք է տեսնենք, թե արդյոք այդ մարմնի գործունեության սկզբունքները տալի՞ս են այդ հնարավորությունները, որ այդ մարմինն արդյունավետ գործի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ մեկնաբանելով բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի հիման վրա հակակոռուպցիոն մարմին ստեղծելու կառավարության որոշումը:

Ըստ նրա` միջազգային պրակտիկայում ամենաարդյունավետ նման մարմինը գործում է Ռումինիայում, այն օժտված է մեծ լիազորությամբ, բայց եթե դրա օրինակը գործի Հայաստանում, դա դեռևս չի նշանակում արդյունավետություն:

Գ.Կոստանյանը վստահություն հայտնեց, որ նոր մարմնին տրված ինստիտուցիոնալ անկախության երաշխիքներն այն չափ կլինեն, որ կկարողանա արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ:

«Մարմնի ստեղծումն ինքնին կարող է զսպիչ դեր ունենալ: Այստեղ քաղաքականի մասին է խոսքը և այս մարմնի ստեղծումը խոսում է, որ երկրում քաղաքական կամքն այնպիսին է, որ առաջ ենք գնում կոռուպցիայի դեմ պայքարելու մեխանիզմների ճշտության և հստակության տեսակետից»,- ասաց Գ.Կոստանյանը:

Կարդացեք նաև

Նա դժվարացավ գնահատել էթիկայի հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը: Սակայն, ըստ նրա, այդ մարմինն ինքնին խորհրդակցական բնույթ է ունեցել, իսկ այս նորը հսկող ֆունկցիա ունի.

«Լիազորությունների իրականացումը չափելի է և այդ գործունեությունն այնքան հրապարակային է լինելու, որ հանրությունը կկարողանա գնահատել»:

Տեսանյութեր

Լրահոս