«Միջազգային պայմանագրերը կհաստատվեն կամ չեղյալ կհայտարարվեն ոչ թե ԱԺ որոշումով, այլ կառավարության կողմից մշակված օրենքով»
Այսօր ԱԺ-ում կառավարության կողմից ներկայացված «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ասաց, որ փոփոխությունները պայմանավորված են նրանով, որ ըստ Սահմանադրության՝ միջազգային պայմանագրերը հաստատվում կամ չեղյալ են հայտարարվում ոչ թե ԱԺ որոշումով, այլ օրենքով, իսկ օրենսդրական նախաձեռնությունը պատկանում է կառավարությանը։
«Հետևաբար, առաջարկվում է այն փոփոխություններն օրենքում, որոնք հնարավորություն են տալիս, որ ԱԺ-ն այսուհետ վավերացնի կամ չեղյալ հայտարարի միջազգային պայմանագրերն օրենքով։ Այդ օրենսդրական նախաձեռնությունը կներկայացնի կառավարության ներկայացուցիչը։ Միաժամանակ, լուծում է տրվել նաև մի այլ հարցի. առայսօր ԱԺ օրակարգում կուտակված է 30 միջազգային պայմանագիր, այդ նախագծերը պետք է վավերացվեն, և կառավարությանը տրվում է մեկ ամիս ժամկետ, որ այդ օրենքի նախագծերը ներկայացնեն ԱԺ»։
«Ելք» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանը հետաքրքրվեց, թե ի՞նչն է պատճառը, որ օրենքի նախագծում չի գրվում, որ այն փոփոխվում է՝ ի կատարումն Սահմանադրության։
«Այդ դեպքում մենք պետք է նաև նշեինք՝ պահպանելով նախորդ Սահմանադրության հոդվածները, որոնք գործում են։ Իրականում դուք ճիշտ եք, սա ժամանակավոր լուծում է, որովհետև կա կառավարության հանձնարարական, համաձայն որի՝ ԱԳՆ-ն մինչև դեկտեմբերի առաջին տասնօրյակը պետք է ներկայացնի լրիվ նոր օրենք, որն արդեն 100% համապատասխանելու է 2015թ. փոփոխություններով Սահմանադրությանը»,- պատասխանեց Քոչարյանը։