Մոսուլի արդեն ավելի քան 600 հազար բնակիչներ են լքել իրենց տները
Մոսուլի արեւմտյան շրջանների ավելի քան 600 հազար բնակիչներ են իրենց տները լքել փետրվարին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից քաղաքի այդ մասի ազատագրման գործողության սկսվելուց հետո: Այդ մասին Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտնել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման
վարչության (ՀՀՀՎ) պաշտոնական ներկայացուցիչ Ենս Լարկեն:
«Շուրջ երեքուկես ամիս առաջ Արեւմտյան Մոսուլում գործողության սկսվելու
պահից ի վեր ընդհանուր առամբ մոտավորապես 600 հազար մարդ է հեռացել քաղաքի այդ մասից»,-ասել է նա: «Քանի որ ռազմական գործողությունն սկսում է կենտրոնանալ Հին քաղաքում եւ հարեւան շրջաններում, կառավարությունը քաղաքացիական անձանց խնդրել է դուրս գալ ԻՊ-ի կողմից հսկվող գոտիներից»,-հայտնել է Լարկեն:
«Շատերն այդպես էլ վարվել են,շարունակել է պաշտոնական ներկայացուցիչը: Մենք կարծում ենք, որ այս շրջանում (Հին քաղաքում, քաղաքի արեւմտյան մասում եւ հյուսիսից դրան հարող շրջանում) դեռեւս մնում է մոտավորապես 180 հազար մարդ»: Մոսուլում, որն Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաքն է եւ որը ԻՊ-ի ձեռքում է գտնվում ավելի քան երկու տարի, ԻՊ-ի դեմ արշավն սկսվել է անցյալ տարվա հոկտեմբերի 17-ին:
Գործողության ընթացքում հաջողվել է իշխանությունների հսկողության ներքո վերադարձնել Արեւելյան Մոսուլը, իսկ փետրվարի 19-ին Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հայտարարել էր արեւմտյան թաղամասերից զինյալներին արաքսելու արշավի նոր փուլի սկսման մասին:
Ահաբեկիչների դեմ փողոցային մարտերում գործի են դրվել ոստիկանության ռազմականացված ջոկատներ, արագ արձագանքման ուժեր եւ բանակային հատուկ նշանակության ջոկատներ, օդից աջակցություն են ցուցաբերում կառավարական օդուժը եւ
ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող արեւմտյան կոալիցիայի ռազմաօդային ուժերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: