Բաժիններ՝

«Չհամարձակվեք մյուս անգամ մեր հարցերին ի պատասխան՝ հիշեցնել Թուրքիան և Ադրբեջանը». Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀԿ-ականներին

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանն այսօր ԱԺ-ում ասաց, որ, երբ անցնենք ամբողջությամբ թվային հեռարձակման, դա հնարավորություն կտա հետևել կոնկրետ ծրագրին և ավտոմատ կերպով փոխել նոր հաճախականության վրա. «Անալոգայինն այդ հնարավորությունը չի տալիս»։

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ Սաղաթելյանը նշեց, որ խոսքի ազատության սահմանափակման որևէ դրույթ ՀՀ տարածքում չկա։

«Եթե սա առնչվում է խոսքի ազատության հետ, ապա միանշանակ Թուրքիայի և Ադրբեջանի մեդիաշահերը պաշտպանող կառույցներին է առնչվում։ Սրանով լուրջ վտանգվում է և՛ թուրքական, և՛ ադրբեջանական մեդիաների ներթափանցումը ՀՀ տարածք»,- ի պատասխան «Ելք» դաշինքի պատգամավորների հարցադրման՝ ասաց նա։

«Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց, որ խաղաղ քննարկում էր ընթանում, և հանկարծ ՀՀԿ-ական պատգամավորը մոտենում ու սկսում է Թուրքիայից և Ադրբեջանից խոսել.

«Ընդհանրապես, հանրապետականներին խորհուրդ եմ տալիս՝ Թուրքիա-Ադրբեջան տերմինաբանությունն ընդդիմությանը հակազդելու համար չօգտագործել։ Ամեն անգամ, երբ դուք խոսեք Թուրքիայի և Ադրբեջանի մասին, ես ձեզ հիշեցնելու եմ, որ զինադադարի հաստատումից հետո Ադրբեջանին տարածքներ եք զիջել։ Հիմա ի՞նչ կապ ունի դա խոսքի ազատության հետ»։

Նա նշեց, որ իրենց հարցը հաճախականություններին էր վերաբերում, և արդյո՞ք լրատվական որոշակի անկախություն ունեցող ռադիոկայաններն այս օրենսդրական փոփոխության արդյունքում կարող են դուրս մնալ պրոցեսից. «Սրա մասին էր խոսքը։ Չհամարձակվեք մյուս անգամ մեր հարցերին ի պատասխան՝ հիշեցնել Թուրքիան և Ադրբեջանը, հակառակ դեպքում ամեն անգամ կհիշեցնենք քառօրյա պատերազմը, ՀՀ և ԼՂՀ տարածքների պաշտպանության ձախողումը, ու ամեն անգամ կհիշեցնենք, որ այդ հարցը դեռ հետաքննված չէ պատշաճ մակարդակով»։

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ կոչ արեց բոլորին՝ փոխադարձ հարգանք պահպանել. «Խոսքի ազատությունն ու կարծիք արտահայտելու իրավունքը պետք է պահպանի ոչ միայն ընդդիմությունը, այլ նաև իշխանությունը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս