Համահայկական գրողների միությունում ստեղծվել է աշխարհում առաջին եզդի գրողների բաժանմունքը
Ոչ միայն հայաստանաբնակ եզդիների, այլև աշխարհի եզդիների կյանքում տեղի ունեցավ դարակազմիկ իրադարձություն. աշխարհում առաջին անգամ կազմվեց եզդի գրողների բաժանմունք։
Մայիսի 28-ին Համահայկական գրողների միության նիստը եզդի երեք ստեղծագործողի ընդունեց իր շարքերը, իսկ ՀՀ վաստակավոր լրագրող, Հանրային ռադիոյի եզդիերեն հաղորդման ավագ խմբագիր, 112-րդ դասարանների «Եզդիերեն լեզու և գրականություն» դասագրքերի համահեղինակ, բանաստեղծ Հասան Թամոյանը (Հասանե Շեխ-Մամուդե) ՀԳՄ նախագահ Աբգար Ափինյանի առաջարկությամբ միաձայն ընտրվեց ՀԳՄ եզդի գրողների բաժանմունքի նախագահ։
– Հայաստանում, և ոչ միայն Հայաստանում, եզդի գրողների ճանաչված խումբ մենք երբևիցե չենք ունեցել։ Հենց դա էլ ինձ ստիպեց խնդրանքով դիմելու Համահայկական գրողների միության նախագահ պարոն Աբգար Ափինյանին՝ միության շարքերն ընդունել եզդի գրողների և ստեղծել եզդի գրողների բաժանմունք։ Աբ. Ափինյանն ըմբռնումով և ջերմությամբ ընդունեց իմ խնդրանքն ու առաջարկը, և մեր բանակցությունները դրական արդյունք տվեցին, ինչի համար շնորհակալ ենք պարոն Ափինյանին, ՀԳՄ-ին և հայ մարդուն, որ կրկին նաիրյան երկրում եզդիներն ստացան իրենց ազգային նկարագիրը պահպանելու ևս մեկ աննախադեպ հնարավորություն, որ չունենք աշխարհի և ոչ մի երկում։
Միայն Հայաստանում է, որ ունենք ամենօրյա 30-րոպեանոց եզդիերեն ռադիոհաղորդում, եզդի աշակերտների սեղանին են 112-րդ դասարանների «Եզդիերեն լեզու և գրականություն» դասագրքերը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում ունենք եզդի երկու գիտաշխատող, հրատարակվում է «Էզդիխանա» ամսաթերթը, գործում են բազում հասարակական կազմակերպություններ և այլն,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀԳՄ Եզդի գրողների բաժանմունքի նախագահ Հասան Թամոյանը։