ԱԳՆ դիվանագիտական դպրոցում բացվել է «Եվրոպա» լսարանը
ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում մայիսի 29-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, նախարարության բարձրաստիճան դիվանագետների, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկիի ներկայությամբ բացվել է «Եվրոպա» լսարանը՝ ի գնահատումն դիվանագիտական դպրոցին Եվրոպական միության ցուցաբերած նշանակալից օժանդակության: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Իր խոսքում ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն դեսպան Վահե Գաբրիելյանը կարևորեց Դիվանագիտական դպրոցին դրա հիմնադրումից ի վեր Եվրոպական միության ցուցաբերած շարունակական և նշանակալից օժանդակությունը և այդ օժանդակության դերը դիվանագետների նոր սերնդի կրթության գործում:
Ելույթով հանդես եկավ նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Իր խոսքում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարն անդրադարձ կատարեց դիվանագիտությանն առնչվող նրբություններին՝ ընդգծելով, որ ժամանակակից աշխարհի մարտահրավերներն ավելի բարդ և պատասխանատու են դարձրել դիվանագետի գործը:
Միջոցառման ավարտին դեսպան Սվիտալսկին Դպրոցի ունկնդիրների առջև հանդես եկավ ԵՄ արտաքին քաղաքականութան վերաբերյալ դասախոսությամբ:
Տեղեկանք. Հայաստանի դիվանագիտական դպրոցը հիմնվել է 2010 թվականին: Իր գործունեության սկզբից ի վեր աջակցություն է ստացել Եվրոպական միության կողմից, ինչը վերջին չորս տարիներին իրականացվել է՝ Վարչական և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանն ուղղված ընդգրկուն ծրագրի շրջանակում, դպրոցին հնարավորություն տալով առաջնակարգ մասնագետներով իր ունկնդիրների համար ապահովել կրթական բարձրակարգ ծրագրեր, ինչպես նաև ներգրավվել միջազգային մասնագիտական համագործակցության ծրագրերում»: