Պուտինն ու Մակրոնը քննարկել են Սիրիայի և Ուկրաինայի ճգնաժամերը
Կարևորագույն համաշխարհային խնդիրները հնարավոր չէ լուծել առանց Ռուսաստանի հետ երկխոսության: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ ասուլիսի ընթացքում նման հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի Նախագահ Էմանուել Մակրոնը:
Նա նաև շեշտել է, որ Ռուսաստանի Նախագահի հետ առաջնահերթության կարգով քննարկել են Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին առնչվող հարցեր: «Անհրաժեշտ է այս ճգնաժամին գտնել քաղաքական լուծում և խաղաղություն վերահաստատել»,- ասել է Մակրոնը՝ հավելելով, որ քիմիական զենքի կիրառման հարցում իրենք «կարմիր գիծ» են տեսնում:
Մակրոնն ընդգծել է, որ քննարկման թեմաների թվում է եղել նաև իրավիճակը Ուկրաինայում, և վստահություն հայտնել, որ պետք է շարունակել աշխատանքը նորմանդական ֆորմատում:
Երկու երկրների նախագահները քննարկել են նաև Ռուսաստանում, մասնավորապես Չեչնիայում, սեռական փոքրամասնությունների իրավունքների խնդիրները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել ռուսֆրանսիական քաղաքացիական ֆորումը, որը կուսումնասիրի Ռուսաստանում ԼԳԲՏ համայնքի դրությունը: