Բաժիններ՝

Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հանրապետության տոնը

Աշխարհասփյուռ հայությունը մայիսի 28­-ին տոնում է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի հերոսամարտում տոնած պատմական հաղթանակի 99­-ամյակը՝ Հանրապետության տոնը:

1918­-ի մայիսի 28-­ին Ղարաքիլիսայում, Բաշ-­Ապարանում, Սարդարապատում տված կենաց-­մահու ճակատամարտերում տարած հաղթանակով վերականգնվեց հայ ժողովրդի անկախությունը, որը կորցրած էր շուրջ 9 դար առաջ:

Իննսունինը տարի առաջ այս օրը Երևանից ոչ հեռու, ցեղասպանություն վերապրած հայ ժողովուրդը կռիվ տվեց թշնամու` հանուն հայրենի երկրի վերջին թիզ հողի պահպանության, հանուն ազգի հարատևման: Սարդարապատի ճակատամարտը որոշիչ էր հայ ժողովրդի համար և ճակատագրական՝ Հայաստանի համար: Հայրենիքի պաշտպանության համար ոտքի էր կանգնել ամբողջ ժողովուրդը: Զինվորների հետ միասին կռվի դաշտում էին ամբողջ ընտանիքներ՝ ծերեր, երեխաներ, կանայք:

Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: 1918թ. մայիսի 28-­ին, Թիֆլիսում Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո, «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը:

Անկախ Հայաստանի առաջին վարչապետն է եղել Հովհաննես Քաջազնունին, վերջինը՝ Սիմոն Վրացյանը: Հայաստանի Հանրապետությունն ընդամենը երկու տարվա կյանք է ունեցել՝ մինչև 1920 թ. դեկտեմբերի 2­-ը։ Այդ ժամանակ Երևան են մտել 11­րդ Կարմիր բանակի զորամասերը, և հանրապետությունը խորհրդայնացվել է:

1918թ. մայիսի 22-­28-­ին թուրք զավթիչների դեմ մղված պատմական հերոսամարտի 50-ամյա տարեդարձի օրը տեղի է ունեցել Սարդարապատի հուշահամալիրի բացումը: Այն կառուցվել է ճիշտ այն վայրում, որտեղ տեղի է ունեցել Սարդարապատի ճակատամարտը:

Մայիսի 28-­ին հանրապետության ողջ տարածքում, ինչպես նաև Արցախում անցկացվում են ավանդական միջոցառումներ` ի հիշատակ անկախությունը կերտած հայ հերոսների: ՀՀ բարձրագույն իշխանությունն ավանդաբար այցելում է Սարդարապատի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելով անկախության և ազատության համար կռիվ տված հերոսների հիշատակին:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ստեղծվել է Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100­-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողով ստեղծելու մասին: Հանձնաժողովի նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս