«Մեր նման փոքր ազգն այսօր աշխարհին ներկայացնում է նոր գաղափարներ». Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության շնորհիվ Հայաստանը կարող է դառնալ մարդասիրական կենտրոն: Aurora Dialogues քննարկումների շրջանակում լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը: Նա նշեց, որ սա նոր ծրագիր է, նոր գաղափարով. մարդասիրության ոլորտում նման ծրագրեր չեն եղել:
«Մեր նման փոքր ազգն այսօր աշխարհին ներկայացնում է նոր գաղափարներ` կախված թե վերապրողների, թե նրանց սատար կանգնող հերոսների մասին: Այս թեմաների վրա աշխարհը քիչ է կենտրոնանում: Այսօր տեսնում ենք, որ Եվրոպայում խոսվում է փախստականների խնդիրների մասին, բայց մյուս կողմից կան մարդիկ, ովքեր վտանգում են իրենց կյանքը նրանց փրկելու համար: Ահա այս նյութերը քիչ են ներկայացվում, այդ մասին քիչ է խոսվում»,-ասաց Նուբար Աֆեյանը:
Նա նշեց, որ «Ավրորա» մրցանակաբաշխությունն առաջին տարում կարողացավ հասնել նրան, որ այդ թեմաներն առաջ քաշվեն, նման խնդիրների վրա հրավիրվի աշխարհի ուշադրությունը: Հայաստանը կարող է դա շարունակել և առաջ տանել որպես շարժում:
«Հուսամ Հայաստանը կդառնա այդ տեսակ շարժման կենտրոն: «Ավրորա»-ի կարևոր առաքելությունն այն է, վտանգի մեջ հայտնված մարդիկ հասկանան, որ մենակ չեն: Իրենց կողքին կան ուրիշները, որոնք պատրաստ են վտանգել իրեն կյանքը և փրկել նրանց: Դա պետք է փրկվելու հույս տա լքվածներին»,-ասաց նա:
Նուբար Աֆեյանը հիշեցրեց, որ հայ ազգն այդպիսի ճակատագիր է ունեցել, հայերի պատմությունը դա է եղել, երբ սարսափելի տառապանք տեսածներին, սիրիացիները ամերիկացիները և այլ ազգեր օգնել են, շատերին հասցրել են մի հանգրվանի: Ու այսօր աշխարհի բազմաթիվ երկրներում ապրում են հայեր, հայ ազգն ունի պետություն, ու աշխարհին բարձրաձայնում է մարդասիրական խնդիրների մասին:
«Մենք պետք է ցույց տանք, որ կարողացանք հաղթահարել այդ լքված լինելու զգացումը, ու այսօր դարձել ենք օրինակ: Մենք պետք է նաև ուրիշների ցավը կիսենք: Դա կլինի լավագույն պատասխանը թուրքերին: Այսպիսի օրինակները շատ ազդեցիկ են: Նախորդ տարի գումարներն ուղղվեցին Բրազիլիայի ծնողազուրկ երեխաների օգնությանը: Այդ երեխաները, ովքեր մինչ այդ չգիտեին Հայաստանի մասին, այսօր խոսում են օգնող, կարեկցող հայերի մասին»,-հավելեց Նուբար Աֆեյանը: