«Ճաճոյի Էդոյի» որդին դաժան ծեծի է ենթարկել կնոջն անգամ երեխաների ներկայությամբ. նոր մանրամասներ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Քրեական հեղինակություն Ճաճոյի Էդոյի որդու սպանության գործով դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել նաև սպանվածի կնոջ նկատմամբ, քանի որ նրա մարմնի վրա ևս առկա են եղել բռնության հետքեր: Ի պատասխան «Փաստինֆո»-ի հարցման՝ այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 25-ին. 33- ամյա Տիգրան Մարտիրոսյանի վրա «Մակարով» տիպի ատրճանակից արձակվել է 7 կրակոց, կյանքի հետ անհամատեղելի վնասվածք ստանալու հետևանքով տղամարդը մահացել է: Հարևանների խոսքով՝ այս ընտանիքում վիճաբանությունն ու ծեծը պարբերական բնույթ է կրել, ամուսինը տարիներ շարունակ ծեծել ու նվաստացրել է կնոջը: Դեպքի օրը ևս ամուսինը ծեծել է կնոջը, և նրան անգամ հետ չի պահել մանկահասակ երկու երեխաների ներկայությունը: Մեր տեղեկություններով՝ երբ իրավապահները ժամանել են դեպքի վայր, նրանց տունն ամբողջությամբ տակնուվրա արված է եղել, գետնին հայտնաբերվել են ափսեներ, աթոռները և սեղանը գետնին շպրտված են եղել, ինչը փաստում է, որ դեպքին նախորդող պահերին ամուսինների միջև թեժ վիճաբանություն է եղել:
Նշենք, որ նրանց մանկահասակ երեխաներից մեկն 8 տարեկան է, իսկ փոքրիկը՝ 2: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում 32-ամյա կինը ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը: Նույն օրը կինը ձերբակալվել է»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։