Լավ նորություն՝ հեպատիտ C-ով հիվանդների համար

«2015թ.-ից հետո լուրջ համաճարակային իրավիճակ չենք ունեցել։ 2015թ. մեզ համար շատ ծանր տարի էր, իսկ հիմա նախադրյալ չունենք, որ կարողանանք կանխատեսել, այս կամ այն հիվանդության բարձրացման ցուցիչներ չունենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը:

Բժիշկը հայտարարեց, որ լավ նորություն ունեն հեպատիտ C-ով հիվանդների համար. «Մեզ համար երկար ժամանակ լուրջ խնդիր էր հեպատիտ C-ով հիվանդների բուժումը, քանի որ դեղամիջոցները բավական թանկ էին։ Մեր տնտեսական, ֆինանսական վիճակը հաշվի առնելով՝ մեր երկիրը չէր կարողանում այդ հիվանդությունը ներառել պետպատվերով բուժվող հիվանդությունների ցանկում։ Խոսքը մի քանի հազար դոլարանոց դեղերի մասին է։ Այսօր ԱՆ-ն մոտ հազար հիվանդի համար կարողացել է տարբեր հումանիտար աղբյուրներով՝ այդ դեղերը  ներմուծել Հայաստան, և հունիսի 1-ից կսկսվի մոտ հազար հիվանդի բուժումը»։

168.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ սկզբունքով են ընտրվել այդ հիվանդները, ինչին ի պատասխան՝ նա ասաց, որ ամենածանր հիվանդները չեն ընդգրկվել այդ ծրագրում, այլ այն հիվանդները, որոնք ավելի հեշտ կբուժվեն։

«Ռազմաճակատում մի օրենք կա. պատերազմի ժամանակ ամենածանր հիվանդներին չէ, որ օգնում են, այլ օգնում են թեթև և միջին ծանրության վիրավորներին։ Նույնը՝ այստեղ. եթե հիվանդների մոտ այնպիսի փոփոխություն է եղել, որը մենք անվանում ենք լյարդի ցիռոզ, որը մենք դժարությամբ կարող ենք բուժել, ապա ավելի ճիշտ կլինի բուժել այն հիվանդներին, որոնց մոտ այդ պրոցեսը դեռ չի զարգացել։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս