Որ աշխատանքների դեպքում է 12 ժամը հաշվում որպես 1 ամսվա ստաժ
Պետությունն առանձին թոշակի տեսակ է նախատեսել առավել բարդ և դժվար պայմաններում աշխատող այն քաղաքացիների համար, ովքեր երկար տարիներ հավատարիմ ծառայել են իրենց գործին: Թոշակի այս տեսակը հենց այդպես էլ կոչվում է՝ «Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ»:
Dialogue.am–ի «Սոցիալական իրավունք» շարքը ներկայացնում է այն մասնագիտությունների ցանկը և նրանց ներկայացվող աշխատանքային ստաժի պայմանները, ում օրենքով արտոնված է ստանալ երակարամյա ծառայության թոշակ՝ մինչև տարիքային կենսաթոշակի անցնելը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.
Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակը քաղաքացուն նշանակվում Է ՑՄԱՀ, բայց օրենքը հնարավորություն է տալիս քաղաքցուն աշխատանքային կենսաթոշակի տարիքի լրանալու դեպքում իր ընտրությամբ որոշել՝ անցնել տարիքային կենսաթոշակի, թե շարունակել ստանաալ երկարամյա ծառայության թոշակը:
Երկարամյա ծառայության թոշակ նշանակելու համար հաշվի է առնվում հատկապես 2 կարևոր գործոն. կազմակերպությունը, որտեղ աշխատում է անձը և այն պաշտոնը, որը զբաղեցնում է այդ կազմակերպությունում (ցանկը ստորև), դրանից բացի համապատասխան ցանկում ընդգրկված անձը պետք է համապատասխանի նաև հետևյալ տարիքային խմբերից որևէ մեկին և ունենա ստաժի բավարար չափ:
ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ…
«Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ»-ի իրավունք տվող պաշտոնների ցանկը հաստատված է կառավարության որոշմամբ, իսկ ցանկում ընդգրկված անձիք համապատասխան ստաժներից որևէ մեկը բավարարելու դեպքում՝ իրավունք են ստանում են ժամանկից շուտ անցնել թոշակի:
Քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմերի անդամներ` անկախ օդանավի տեսակից | օդային երթևեկության կառավարման ծառայության կարգավարի (դիսպետչերի) վկայական ունեցող աշխատողներ | Ինժեներատեխնիկական ծառայության աշխատողներ, ովքեր իրականացնում են օդանավերի տեխնիկական սպասարկումը |
1) օդանավի հրամանատար.
2) օդանավի 2-րդ օդաչու. 3) օդանավի ղեկապետ. 4) օդանավի բորտինժեներ. 5) օդանավի բորտմեխանիկ. 6) օդանավի բորտռադիստ. 7) օդանավի բորտօպերատոր. 8) օդանավի թռչող ինժեներ. 9) օդանավի թռչող տեխնիկ. 10) բորտուղեկցորդ. 11) բոլոր անվանումների պարաշյուտիստներ, փրկարարներ |
1) կարգավար (դիսպետչեր).
2) ավագ կարգավար (ավագ դիսպետչեր). 3) կարգավար-հրահանգիչ (դիսպետչեր-հրահանգիչ). 4) թռիչքների ղեկավար: |
1) բոլոր անվանումների ավիացիոն տեխնիկներ շարժիչագործներ (մոտորիստներ).
2) բոլոր անվանումների մեխանիկներ. 3) բոլոր անվանումների ավիացիոն ինժեներներ. 4) օդային նավատորմի և թռչող այլ ապարատների տեխնիկական սպասարկման արտադրամասերի, հերթափոխերի, տեղամասերի, ծառայությունների, խմբերի պետեր |
Այսպես՝
- 45 տարին լրացած անձ, ով ունի 25 տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին աշխատել է որպես թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմերի անդամ, բորտօպերատոր կամ բորտուղեկցորդ:
Ուշադրություն.
եթե աշխատել եք նշված պաշտոններում, իսկ հետո աշխատանքից ազատվել եք առողջական խնդիրների պատճառով, ապա 15 տարվա ստաժը լիովին բավարար է, որպեսզի Ձեզ «Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ» նշանակվի::
- 50 տարին լրացած անձը, ով ունի 25 տարվա աշխատանքային ստաժ, որից 15 օրացուցային տարին անմիջականորեն կատարել է օդային երթևեկության կառավարման աշխատանք, իսկ առողջական խնդիրների պատճառով աշխատանքից ազատվելու դեպքում բավարար է միայն 10 օրացուցային տարին:
- 55 տարին լրացած անձը, ով ունի 25 տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին կատարել է երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք (ցանկը՝ ստորև):
Իսկ ինչպե՞ս է հաշվարկվում երկարամյա ծառայության թոշակը…
Ի տարբերույուն պետության կողմից նշանակվող ցանկացած թոշակի՝ երկարամյա ծառայության թոշակ նշանակելու դեպքում աշխտողի ստաժը հաշվարկվում է որոշակի առանձնահատկություններով: Այսպես՝
- 20 ժամ թռիչքը` ընդունվում է որպես մեկ ամսվա ստաժ, եթե այն իրականացվել է մխոցային օդանավերով
- յուրաքանչյուր 12 ժամ թռիչքը` որպես մեկ ամսվա ստաժ է հաշվարկվում, եթե այն իրականացվել է ռեակտիվ օդանավերով, ուղղաթիռներով, հատուկ կիրառման ավիացիայում: Օրինակը տարածվում է նաև այլ պետությունների օդանավերին ուղեկցող խմբերի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական, թռիչքային անձնակազմի անդամների պաշտոններում աշխատելու, ինչպես նաև ավիացիայի թռիչքային անձնակազմի կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատություններում սովորելու ժամանակ
- մեկ տարվա աշխատանքը` որպես մեկուկես տարվա ստաժ է հաշվվում, եթե անձն աշխատել է վթարային-փրկարարական (որոնողական-փրկարարական) ստորաբաժանումներում՝ օդանավերի թռիչքային անձնակազմում
- ԴՕՍԱԱՖ-ի ուսումնական և սպորտային ավիացիայի կազմակերպությունների թռչող անձնակազմի պաշտոններում կատարած մեկ տարվա ծառայությունը` որպես մեկուկես տարվա ստաժ է հաշվարկվում, եթե կատարվել է ուսումնաթռիչքային պատրաստման պլանը՝ որպես երկու տարվա ստաժ
- պարաշյուտիստների և փրկարարների մեկ տարվա ծառայությունը` որպես մեկուկես տարվա ստաժ, եթե կատարվել է մխոցային օդանավերից, ուղղաթիռներից, դիրիժաբլներից և աերոստատներից թռչելու, տասը մետրից ոչ պակաս բարձրության վրա կախման ռեժիմում գտնվող ուղղաթիռներից հատուկ իջեցնող հարմարանքներով վայրէջքի տարեկան նորման, որպես երկու տարվա ստաժ՝ բայց այն դեպքում, եթե կատարվել է ռեակտիվ ինքնաթիռներից և ուղղաթիռներից թռչելու տարեկան նորման:
Բորտօպերատորների և բորտուղեկցորդների երկարամյա ծառայության ստաժը հաշվարկվում է փաստացի թռիչքային ժամերը վերը նշված 1-ին և 2-րդ կետերով սահմանված թռիչքի ժամերի (համապատասխանաբար` 20-ի և 12-ի) վրա բաժանելու միջոցով:
Ուշադրություն.
Սահմանված ծառայության ժամկետների արտոնյալ հաշվարկման իրավունք տվող պայմանները չկատարելու դեպքում մեկ տարվա ծառայությունը հաշվարկվում է որպես մեկ տարվա ստաժ, իսկ Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ նշանակելուց հետո աշխատած կամ ծառայած մեկ օրացուցային տարին աշխատանքային ստաժում այլևս հաշվարկվում է որպես մեկ տարվա ստաժ:
Պատրաստեց՝ Լաուրա Մամյանը
Dialogue.am