Թուրքիան Վաշինգտոնում իր իսկ կիրառած բռնությունների համար մեղադրում է ԱՄՆ իշխանություններին
Անկարայում սրտնեղել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված բանաձևից, որը դատապարտում է մայիսի 16ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը և կոչ է անում օրինազանցներին ենթարկել քրեական պատասխանատվության:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հուսեյն Մյուֆթուօղլուն հայտարարել է, որ չեն ընդունում բանաձևը: Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը թուրքական կողմի հարձակման համար մեղավոր է հայտարարել Միացյալ Նահանգներին՝ ասելով.
«Միջադեպը տեղի ունեցավ, քանի որ ԱՄՆ իշխանությունները հրաժարվեցին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ չնայած պաշտոնական նախազգուշացումներին: Չկա պատասխան այն հարցին, թե ինչու ԱՄՆ իշխանությունները անհրաժեշտ անվտանգության միջոցներ չձեռնարկեցին դեսպանի կեցավայրի դիմաց, ինչպես արել էին այցի մյուս հատվածներում»:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մայիսի 25-ին միաձայն ընդունել է թիվ 354 բանաձևը, որով դատապարտում է մայիսի 16-ին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը և կոչ է անում օրինազանցներին ենթարկել քրեական պատասխանատվության և քայլեր ձեռնարկել
նմանատիպ միջադեպերը բացառելու համար:
Բանաձևի հեղինակներն են Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը (հանրապետական, Կալիֆորնիա), ամենաբարձրաստիճան անդամ Էլիոթ Էնգելը (դեմոկրատ, Նյու Յորք), հանրապետական մեծամասնության ղեկավար Քևին ՄըքՔարթին (հանրապետական, Կալիֆորնիա) և դեմոկրատական խմբակցության երկրորդ ամենաբարձրաստիճան անդամ Սթենի Հոյերը (դեմոկրատ, Մերիլենդ): Ամենայն հավանականությամբ, բանաձևը ներկայացուցիչների պալատում քվեարկության կդրվի հունիսի սկզբին:
Ընդունված բանաձևի տեքստում նշված է. «Ժամեր շարունակ տևած խաղաղ բողոքի ցույցի ժամանակ բռնություն ծագեց, երբ Էրդողանի կողմնակիցները և Թուրքիայի դեսպանատնից անձինք մի կողմ հրեցին Վաշինգտոնի ոստիկաններին՝ դաժան հարձակման ենթարկելու
ցուցարարներին»:
Բանաձևում խորին մտահոգություն է արտահայտվում առ այն, որ թուրք պաշտոնյաները բացահայտորեն ոտնահարել են ԱՄՆ Սահմանադրության Առաջին լրացմամբ ամրագրված Միացյալ Նահանգների քաղաքացիների իրավունքները, և բազմաթիվ զինված թուրք անվտանգության աշխատակիցներ ծեծել, ոտքերով հարվածել ու խեղդել են անզեն ցուցարարներին:
Բացի այդ, ինչպես ասված է բանաձևում, Վաշինգտոնի կենտրոնական ոստիկանական բաժանմունքի և այլոց հաղորդագրություններում հաստատվում է, որ «ցուցարարները չեն հրահրել բռնությունը», և սա ԱՄՆ-ում բռնության երրորդ դեպքն է, որ իրագործվել է Թուրքիայի նախագահ Էրդողանի անվտանգության ծառայախմբի անդամների կողմից: Բանաձևում կոչ է արվում.
«Ցանկացած թուրք անվտանգության աշխատակից, ով ուղղորդել, ղեկավարել կամ մասնակցել է ս.թ. մայիսի 16-ին թուրքական անվտանգության ուժերի կողմից խաղաղ ցույցի ապօրինի ճնշման գործողությանը, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի, և դատական գործ հարուցվի նրանց դեմ Միացյալ Նահանգների օրենսդրության համաձայն»: