Ովքեր են գալիս Հայաստան. մուտքերի վիճակագրությունը՝ ըստ երկրների
2017 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 400 314 մարդ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից։
Այստեղ ուշադրություն է պետք դարձնել, որ թվերը ներկայացված են ստացված տվյալների նույնականացման միջոցով։ Այսինքն, եթե նույն մարդը սահմանը հատել է 2 կամ ավելի անգամ, այս աղյուսակում նրա համար հաշվվում է 1 մուտք։
Այսինքն, այս ցուցանիշը կոնկրետ անձանց թիվն է, ոչ թե այցելությունների (նշենք, որ նույն ժամանակահատվածում այցելությունների թիվը մոտ 590 հազար է եղել)։
400 314 անձանցից 331 799-ը տարվա առաջին եռամսյակում 1 անգամ են հատել սահմանը, 68 515-ը՝ մեկ անգամից ավելի։
Հայաստան մուտք գործած անձանց մեծ մասը՝ 212 081-ը, ՀՀ քաղաքացիներ են (մուտք գործածների ընդհանուր թվի 53%-ը)։ Նույն ժամանակահատվածում Հայաստան մուտք գործած օտարերկրյա քաղաքացիների թիվը 188 233 է։
Ըստ երկրների՝ առաջին տեղում Ռուսաստանի քաղաքացիներն են՝ 79 551 մարդ։
Երկրորդ տեղում Իրանն է. տարվա առաջին եռամսյակում Հայաստան է այցելել Իրանի 37 758 քաղաքացի։
Իրանին հաջորդում է Վրաստանը՝ 34 658 քաղաքացի։
Չորրորդ տեղում, որքան էլ զարմանալի լինի, Ֆիլիպինների քաղաքացիներն են՝ 5636 մարդ։ Իսկ հնգյակը եզրափակում է Ուկրաինան՝ 4295 մարդ։
Հայաստան մուտք գործած քաղաքացիների թվով առաջին տասնյակում են նաև ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան և Հնդկաստանը։
Կրկին հիշեցնենք, որ այս թվերը պետք չէ շփոթել այցելությունների և առավել ևս՝ զբոսաշրջիկների թվի հետ։
b4b.am