ՏՏ ոլորտի ընկերությունները կմրցեն փեյնտբոլի սիրողական մրցաշարում
Հայաստանում առաջին անգամ կազմակերպվում է ՏՏ ընկերությունների միջև փեյնտբոլի սիրողական մրցաշար: Այս միջոցառման կազմակերպիչներն են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը (ԳՏԿ) և ԼԵԳԵՈՆ փեյնտբոլի ակումբը:
Մրցաշը կանցկացվի հունիսի 17-ին և 18-ին, Սևանա լճի ափին՝ «Լեգիոն» փեյնբոլի ակումբի տարածքում: Մրցաշարին կարող են մասնակցել միայն ՏՏ ոլորտի ընկերություններ, յուրաքանչյուր թիմում՝ մինչև 8 հոգի, թիմերի առավելագույն քանակը՝ 12: «Փեյնտբոլի առաջնության նպատակն է՝ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների համար ստեղծել շփման մտերմիկ և ոչ ֆորմալ միջավայր, ինչը շատ դեպքերում հանգեցնում է նորանոր համագործակցությունների»,- նշում է ԳՏԿ բիզնեսի զարգացման մենեջեր Ամալյա Եղոյանը:
Խաղը կվարեն արհեստավարժ զինվորական մասնագետներ, իսկ խաղի ամբողջ ընթացքը կմեկնաբանի հաղորդավար Էրիկ Անթառանյանը: Վերջինիս խոսքերով՝ մրցաշարը ռազմահայրենասիրական դաստիարակության հիանալի օրինակ է, ինչը հնարավորություն կընձեռի կտրվել վիրտուալ իրականությունից և իրական կյանքում զգալ հաղթանակի բերկրանքը:
ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը մասնակիցների հետ կանցկացնի կրակային պարապմունքներ և ռազմական մարտավարության վարժանքներ: «Ուրախ եմ, որ նման միջոցառում է կազմակերպվում մեր երկրում, այն էլ՝ Հայաստանի ինտելեկտուալ հատվածի շրջանակում: Մասնակիցները ոչ միայն կկարողանան շփվել, ծանոթանալ, համագործակցել, այլև ձեռք կբերեն ռազմական գիտելիքներ»,- նշում է Արծրուն Հովհաննիսյանը: Խաղացողների հետ կանցկացվի անվտանգության համապատասխան դասընթաց-հրահանգավորում:
Առաջին տեղը զբաղեցրած թիմը կստանա որսորդական զենք, գավաթ և պատվոգրեր, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած թիմերը՝ օդամղիչ զենք, գավաթ, պատվոգրեր: Պարտվողների համար կանցկացվեն կրակային պարապմունքներ:
Սիրարփի Աղաբաբյան