
Չեռնոգորիան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա հունիսի 5-ին

Չեռնոգորիան պաշտոնապես ՆԱՏՕ-ի 29-րդ անդամը կդառնա հունիսի 5-ին: Այս մասին հայտնել են արեւմտյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանը, որտեղ մայիսի 25-ին անցկացվելու է կազմակերպության գագաթնաժողովը:
2016 թվականի մայիսի 19-ին ՆԱՏՕ-ի երկրներն արձանագրություն են ստորագրել դաշինքի Չեռնոգորիայի անդամակցելու վերաբերյալ: Չեռնոգորիայի խորհրդարանը ՆԱՏՕ-ին հանրապետության անդամակցության վերաբերյալ օրենքին հավանություն է տվել ապրիլի 28-ին:
Մայիսի 12-ին Չեռնոգորիայի կառավարությունը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները վավերացրել են դաշինքին բալկանյան այս պետության անդամակցության մասին արձանագրությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: