
Հասարակությունը 1-2 տարի հետո կզգա Կարեն Կարապետյանի կատարած աշխատանքների արդյունքները

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը դրական է գնահատում Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության աշխատանքը և գտնում է, որ առնվազն 1-2 տարի ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի հասարակությունն զգա դրական փոփոխությունների արդյունքները: Այս մասին Գագիկ Մինասյանն ասաց մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում:
«Առկա խնդիրները լուծելու համար ոչ միայն հետևողականություն է անհրաժեշտ, այլ նաև ժամանակ, որպեսզի հասարակությունն զգա փոփոխությունները: Հարկավոր է տևական հետևողականությամբ աշխատանք կատարել, իսկ որպեսզի հասարակության այս կամ այն շերտի համար այդ աշխատանքի արդյունքը տեսանելի լինի, կարծում եմ, առնվազն 1-2 տարի ժամանակ է անհրաժեշտ»,- ասաց Մինասյանը:
Նրա խոսքով` Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունն այս ընթացքում հետևողական աշխատանք է տարել առկա խնդիրներին լուծում տալու ուղղությամբ, սակայն ժամանակը քիչ էր, որպեսզի քաղաքացիներն զգային դրական փոփոխությունները:
Գագիկ Մինասյանը նաև ընդգծեց, որ կառավարության նոր կազմի ձևավորման վերաբերյալ հարցերը դեռ քննարկումների փուլում են: