Բաժիններ՝

Մաշալյանն Աթեշյանի հեռանալը նոր ժամանակաշրջանի սկիզբ է համարում

Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը վստահ է, որ փոխանորդի պաշտոնից Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հեռանալով նոր ժամանակաշրջան է սկսվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը,
այս մասին Մաշալյանն ասել է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հետ զրույցում:

«Նախորդ շուրջ տասը տարին լավ, թե վատ անցավ, թերևս հենց այդպես էլ պետք է լիներ առանց պատրիարքի ժամանակաշրջանը: Արամ սրբազանին էլ շատ պետք չէ մեղադրել: Մարդը, ով պատրիարք չէ, միայն այդքանը կարող էր անել»,­-նշել է Մաշալյանը:

Նա ընդգծել է, որ Աթեշյանի հրաժարականով բացվել է պատրիարքի ընտրությունների անցկացման ճանապարհը: «Երանի թե ավելի շուտ լիներ»,­-ասել է եպիսկոպոսը:

Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը մայիսի 24­-ին հրաժարական է տվել: Հրաժարականի մասին Աթեշյանը հայտարարել է պատրիարքարանում հրավիրած հանդիպման ժամանակ: Պոլսո Հայոց պատրիարքարանում մարտի 15­-ին գումարված հոգևորականների ժողովը պատրիարքական տեղապահ էր ընտրել Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին:

Աթեշյանը, սակայն, ընտրությունների արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ներկայացրել էր նահանգապետարանից ստացված գրությունը, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը:

Նա հրաժարվել էր հեռանալ պատրիարքական փոխանորդի պաշտոնից՝ ասելով, որ թուրքական իշխանություններն իբրև պատրիարքարանի պաշտոնական ներկայացուցիչ միայն իրեն են ճանաչում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս