««Ծառուկյան» դաշինքը բավականին բարդ խնդրի առաջ է կանգնած». Վիգեն Հակոբյան

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ընդգծեց, որ ԱԺ առաջին նիստերը ցույց տվեցին՝ Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը լիովին վերահսկում են Ազգային ժողովը:

«Համենայն դեպս, եթե ոչ ավելին, ապա գոնե 85 ձայն վերահսկելի են: ԱԺ առաջին նիստերը ցույց տվեցին նաև, որ «Ծառուկյան» դաշինքը նույնիսկ չի փորձում որպես այլընտրանք հանդես գալ, էլ չեմ խոսում ընդդիմության մասին: Հասկանալի է, որ նման պարագայում «Ելքը», որն իրեն դիրքավորում է՝ որպես միակ ընդդիմադիր ուժ, փորձում է այդ բոլոր քվեարկության արդյունքները ցույց տալ՝ հանդես գալով որպես միակ ընդդիմություն և իր ռեսուրսներն ավելացնելով»,- ասաց նա

Ըստ քաղտեխնոլոգի՝ Սերժ Սարգսյանը փորձում է երկբևեռային քաղաքական համակարգ ստեղծել. «Հիմա արդեն զգացվում է, որ «Ծառուկյան» դաշինքի ընդդիմադիր դերը, որն իրեն գուցե վերապահվում էր այդ սխեմայում, այդ դաշինքի ցուցակում առկա պատգամավորները ցանկություն էլ չունեն գոնե այլընտրանքի կարգավիճակով հանդես գալ։ Սա նշանակում է, որ ընդդիմադիր բևեռի առումով Սերժ Սարգսյանը խնդիր ունի այլ ուժերին ակտիվացնելու առումով: «Ելքը» կփորձի տեղավորվել այդ խաղի կանոնների մեջ: Կփորձի տեղավորվել այն սխեմայի մեջ, որը կփորձեն ձևավորել: Սխեմայի մեջ կզբաղեցնի ընդդիմադիրի դերը»։

Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ «Ծառուկյան» դաշինքը բավականին բարդ խնդրի առաջ է կանգնած, քանի որ, ըստ նրա՝ ո՛չ ընդդիմություն, ո՛չ այլընտրանք կարգավիճակը չի կարող հավերժ լինել. «Այդ նույն ռեպերտուարով հանդես գալը դժվար է դառնում: «Ծառուկյան» դաշինքը պետք է որոշի՝ որ տեղում է խաղում: Բայց կարծում եմ՝ ի վերջո, իրենց տեղը լինելու է իշխանության մեջ: Վերահսկելիության առումով իրենց արմատները դեպի իշխանությանն են տանում»։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս