Վրաստանի պատրիարքը չեղարկել է իր գահակալության 40-ամյակին նվիրված հանդիսությունները
Համայն Վրաստանի կաթողիկոսպատրիարք Իլյա Երկրորդի գահակալության 40-ամյակի կապակցությամբ ծրագրված հանդիսավոր միջոցառումները չեղյալ են հայտարարված: Այդ մասին մայիսի 25-ին հայտնել են պատրիարքարանում:
«Հաշվի առնելով աշխարհում ստեղծված անկայուն իրավիճակը եւ Վրաստանի սոցիալական իրադրությունը, Նորին սրբություն Իլյա Երկրորդի օրհնությամբ չեղարկված են կաթողիկոսպատրիարքի գահակալության 40-ամյակի կապակցությամբ հանդիսավոր միջոցառումները եւ ուղղափառ եկեղեցիների ղեկավարների ու մյուս պատվավոր հոգեւոր անձանց հրավիրումը Վրաստան»,-ասված է հայտարարության մեջ:
Հունվարի 4-ին լրացել է Վրաստանի պատրիարքի 84-ամյակը: Նա առողջական վիճակի պատճառով չեղարկել է հանդիսավոր միջոցառումները իր ծննդյան օրվա առթիվ, ինչպես նաեւ չի կարողացել անցյալ տարվա դեկտեմբերի 25-ին ներկա գտնվել իր գահակալության 39-րդ տարեդարձին նվիրված պատարագին, որը տեղի է ունեցել Թբիլիսիի Սուրբ Երրորդության մայր տաճարում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: