«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերակազմավորվելու է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն առաջիկայում վերակազմավորվելու է: Հիմնադրամի տնօրենը՝ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը, ով պատգամավոր է ընտրվել, իրավունք չունի այլ պաշտոն զբաղեցնել:
Տոնոյանը «Հրապարակ»-ին ասաց. «Այո, իսկապես, այս փուլում «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի գործառույթները վերակազմավորման ընթացքում են, ունենք մի քանի միջոցառում, որոնք իրականացնելու ենք առաջիկա օրերին․ հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրվա հետ կապված ավանդական միջոցառումները, իսկ ամռան ամիսներին կընթանան վերակազմավորման, վերապրոֆիլավորման աշխատանքներ, սեպտեմբերից արդեն լայն թափով կսկսվի գործունեությունը: Ծառուկյան ընտանիքի համար բարեգործությունն առանցքային նշանակություն է ունեցել, երբեւէ պայմանավորված չի եղել որեւէ քաղաքական գործընթացով»:
Նա նաեւ նշեց, որ հունիսի 1-ից չի լինելու հիմնադրամի տնօրեն, թե ով կզբաղեցնի այդ պաշտոնը, չի կարող ասել։
Ի դեպ, հունիսի 1-ից Իվետա Տոնոյանն այլեւս չի իրականացնի նաեւ «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվականի տնօրենի պարտականությունները: Թե ով կզբաղեցնի այս պաշտոնը, նույնպես դեռ հայտնի չէ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: