Արմեն Օգանեսյան. Սերգեյ Լավրովի արտահաստիքային հայ խորհրդականը
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի արտահաստիքային խորհրդական Արմեն Օգանեսյանն ավարտել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը «հեռուստատեսության և ռադիոհեռարձակման աշխատակից» մասնագիտացմամբ:
Իր կարիերան ծագումով հայ հայտնի ռուս մեդիագործիչն ու բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակը սկսել է 1976թ. ԽՍՀՄ Պետական հեռուստատեսության և ռադիոյի արտասահմանյան հեռարձակման բաժնում:
1983թ. Օգանեսյանը դարձել է Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում Մոսկվայի միջազգային ռադիոյի հեռարձակման գլխավոր խմբագիրը, իսկ 1987-ից սկսել է աշխատել Լոնդոնում՝ որպես մոսկովյան ռադիոհեռարձակման հատուկ թղթակից:
Վերադառնալով Ռուսաստան՝ 1990թ. Օգանեսյանը գլխավորել է «Օստանկինո» հեռուստառադիոկորպորացիայի «Աստրա» միավորումը, իսկ 2 տարի անց՝ Մոսկովյան միջազգային ռադիոն: Որպես «Ռուսաստանի ձայնը» ռուսական պետական ռադիոհեռարձակման նախագահ՝ Արմեն Օգանեսյանն աշխատել է շուրջ 15 տարի՝ մինչև 2008թ.:
Այդ տարիներին նա արդեն սկսել էր իր հեղինակային «Vis-à-vis с миром» ծրագիրը վարել «Ռուսաստանի ձայնը» ռադիոկայանում, որի վիդեոտարբերակը տարբեր տարիներին հեռարձակվել է «ТВЦ» և «Звезда» հեռուստաալիքներով:
2009թ. նա դարձել է Ռուսաստանի ամենահեղինակավոր պարբերականներից մեկի՝ «Միջազգային կյանք» ամսագրի գլխավոր խմբագիրը, որն ունի ավելի քան 90-ամյա պատմություն:
Նույն տարում նա նշանակվել է Ռուսաստանի արտգործնախարարի արտահաստիքային խորհրդական:
Հայտնի լրագրողը մինչև 2006 թվականը Եվրոպական հեռարձակող միության խորհրդի ադմինիստրատիվ խորհրդի կազմի մեջ էր մտնում, ներկայում Օգանեսյանը Ինֆորմատացման ակադեմիայի (ՄԱԿ-ի ասոցացված անդամ) և Ռուսաստանի գրողների միության գործող անդամ է:
Արմեն Օգանեսյանը մի քանի հեռուստատեսային վավերագրական ֆիլմերի և Ռադիոհանրագիտարաանի մուլտիմեդիային նախագծի՝ «Россия от А до Я»-ի, հեղինակն է:
Տարբեր տարիների նա դարձել է «Ռուսաստանի ոսկե գրիչ» մրցանակի, «ԶԼՄ-ների լավագույն մենեջերի» դափնեկիր: Նրան շնորհվել է նաև ՌԴ մշակույթի վաստակավոր աշխատակցի կոչում:
Ըստ Rusarminfo-ի