
Իսրայելի և Պաղեստինի ղեկավարները Թրամփին խոստացել են աշխատել հաշտության հասնելու շուրջ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Իսրայելը եւ պաղեստինցիները կարող են համաձայնության գալ հաշտության շուրջ, առաջարկել է նրանց օգնել այդ գործում եւ հայտնել է, որ նախապես ստացել է հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատելու երկու կողմերի ղեկավարների խոստում:
Այս հայտարարությամբ նա հանդես է եկել Բեթղեհեմում պաղեստինցի պաշտոնակից Մահմուդ Աբասի հետ կայացած բանակցություններից հետո, որին նախորդել էին Իսրայելի ղեկավարների հետ հանդիպումները Երուսաղեմում:
«Ես իսկապես հուսով եմ, որ Ամերիկան կարող է օգնել Իսրայելին եւ պաղեստինցիներին խաղաղություն կերտելու գործում եւ նոր հույս պարգեւել տարածաշրջանին ու նրա ժողովուրդներին: Ես նաեւ հաստատ հավատում եմ այն բանին, որ Իսրայելը եւ պաղեստինցիները կարող են հաշտություն կնքել: Դա կդառնա ամբողջ Մերձավոր Արեւելքում հաշտության գործընթացի մեկնարկը եւ ցնցող ձեռքբերում կլինի»,-ասել է նա:
«Նախագահ Աբասն ինձ հավաստիացրեց, որ ինքը պատրաստ է բարեխղճորեն աշխատել այդ նպատակին հասնելու համար, նույնը խոստացել է նաեւ Իսրայելի վարչապետ Նաթանյահուն: Ես սպասում եմ այս ղեկավարների հետ հանուն կայուն խաղաղության աշխատելու հնարավորությանը»,-հավելել է նախագահը:
Խոսելով մերձավորարեւելյան կարգավորմանը միանալու պատրաստակամության մասին՝ նա վերստին ձեռնպահ թ մնացել իր խաղաղ նախաձեռնությունների կոնկրետացումից, բայց խոստացել է օգնել պաղեստինցիներին տնտեսության զարգացման եւ ահաբեկչության դեմ պայքարի գործում, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։