ՊՆ պաշտոնյան՝ պահածոների տուփերով սահմանի անվտանգությունը հսկելու և նոր սարքավորումների մասին

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն այսօրվա ասուլիսում անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովի նշանակմանը, ասաց, որ այդ պաշտոնը քվոտավորված նշանակում է, այսինքն՝ իրականացվում է ՀԱՊԿ կանոնադրության համաձայն:

«Իհարկե, ցանկացած պետության ներկայացուցչի նշանակումը ցանկացած միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում բարձրացնում է այդ պետության դերն ու հեղինակությունն այդ կազմակերպության մեջ, բայց անհրաժեշտ է հաշվի առնել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը միջազգային է, և նա առաջին հերթին պետք է ՀԱՊԿ համընդհանուր շահերն առաջ տանի, ոչ թե միայն Հայաստանի Հանրապետության», – ասաց Լևոն Այվազյանը։

Խոսելով սահմանին անվտանգության համակարգերի տեղակայման խնդրի, մասնավորապես՝ պահածոների տուփերով սահմանի անվտանգությունը հսկելու մասին, ՊՆ պաշտոնյան ասաց. «Պահածոների տուփերը պրիմիտիվ միջոցներ են, և ես կարող եմ ուղղակի ասել, որ դրանք արդյունավետ միջոցներ են: Ինչո՞ւ չէ, եթե այդ միջոցն աշխատում է, եթե օգուտ է տալիս, բարձր տեխնոլոգիական միջոցների կողքին կարող են լինել նաև նման միջոցներ»:

Նրա խոսքով՝ ժամանակակից միջոցները չեն խանգարում պահածոների տուփերին: Նա նշեց, թե կան վայրեր, որտեղ դեռևս պահածոների տուփերով են ապահովում սահմանի անվտանգությունը, սակայն զուգահեռ տեսահսկող ժամանակակից սարքեր են տեղադրվում շփման գծում:

Կարդացեք նաև

«Այդ գործընթացը դեռևս շարունակվում է, որովհետև տեսադիտարկման սարքերի համակարգը բավական բարդ ու ժամանակակից տեխնոլոգիաներ պարունակող է: Հսկայական աշխատանք արդեն իսկ կատարվել է, հիմնական մասը կատարվել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հատվածում: Դա մեկ նպատակ է հետապնդում՝ շփման գծում ավելի վերահսկելի ու տեսանելի դարձնել հակառակորդի շարժն ու ավելի անվտանգ դարձնել մեր զինծառայողների ծառայության պայմանները:

Մենք արդեն որոշ գնահատականներ ունենք, դրանք բավական բարձր են, բայց այս համակարգը դեռևս շատ կատարելագործվելու տեղ ունի: Ցանկացած միջոց ունի իր հակամիջոցը, հետևաբար պետք է շարունակել այս աշխատանքները»,- ասաց նա:

Նա տեղեկացրեց, որ տարբեր պետությունների ու կազմակերպությունների հետ բանակցություններ են ընթանում անվատնգության համակարգերի տեղակայման ոլորտը կատարելագործելու նպատակով: Նրա խոսքով՝ այդ սարքերը զուտ սարքեր չեն, փոխկապակցված ցանցային համակարգ են, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետ ու օպերատիվ ձևով հսկել շփման գծի ողջ երկայնքը:

«Ես շատ փակագծեր չեմ բացի, բայց դա մի քանի աստիճանով բարձրացրել է շփման գծում վերահսկելիության, հակառակորդի շարժին հետևելու մեր հնարավորությունները»,- ասաց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս