Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, նշանակվել է Մշակույթի նախարարի խորհրդական
ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը Մշակույթի նախարարի խորհրդականի պաշտոնում հասարակական հիմունքներով կկանոնակարգի ազգագրական երգ-երաժշտության ոլորտը: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից:
«Մեծ ակնկալիք ունեմ և վստահ եմ, որ նա շատ արագ կկանոնակարգի ոլորտը, որտեղ ամենամոտ ապագայում մենք կարձանագրենք նոր հաջողություններ ու ձեռքբերումներ»,- նորանշանակ խորհրդականին նախարարության աշխատակազմին ներկայացնելիս ասաց նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը:
ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը նախարարի խորհրդականի պաշտոնում հասարակական հիմունքներով կկանոնակարգի ազգագրական երգ-երաժշտության ոլորտը:
Տասնամյակներ շարունակ իր գործունեությամբ հայ ազգային մշակույթին իր ավանդը բերած գործիչն այսուհետ իր առաքելությունը կիրականացնի նաև ի պաշտոնե:
«Սա ինձ համար մեծ պատասխանատվություն է, և շատ շնորհակալ եմ վստահության համար: Կարծում եմ, որ աշխատանքի արդյունքն առաջիկայում տեսանելի կլինի: Մենք պետք է հստակ տարբերակենք՝ ինչը պետք է պահել, պահպանել ու հանրահռչակել: Մենք աշխարհին պետք է ներկայանանք մեր լավագույն արժեքներով, խմբերով ու անհատներով:
Ամեն զուռնա նվագող չէ, որ հայ ազգային երաժշտություն է մատուցում, նույնն էլ վերաբերում է դուդուկին, երգին, պարին: Տարազ կրող ամեն խումբ չէ, որ ազգային տարազ է ներկայացնում և Հայկական պետությունը դրսում ներկայացնելու իրավունք ունի: Այս ամենը կանոնակարգելու կարիք կա»,- ասաց նորանշանակ խորհրդականը: