Բաժիններ՝

Ինչպես ստանալ անվանական կրթաթոշակներ բուհերում

Dialogue.am կայքը «Սոցիալական իրավունք» խորագրի շրջանակներում շարունակում է ներկայացնել իրազեկումներ, որոնք նպատակ ունեն բարձրացնել հասարակության իրավագիտակցությունը,  օգնել շահառուներին՝ իրացնելու իրենց սոցիալական իրավունքները:

Այս անգամ ներկայացնում ենք բուհերի կողմից ուսանողներին անվանական կենսաթոշակներ տրամադրելու կարգը:

Պետությունը բացի անվճար սովորող ուսանողներից, խրախուսում է նաև այն ուսանողներին, ովքեր ունեն բարձր միավորներ, բայց չեն կարողանում հաղթահարել անվճարի շեմը:

Ուսանողներին պետական կրթաթոշակ է տրվում ոչ միայն գերազանց և լավ առաջադիմության, այլ նաև հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ դրսևորելու համար: Կրթաթոշակլ է տրվում նաև  սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի ուսանողներին, ինչը սահմանված է Կառավարության 1005-Ն որոշմամբ:

Լավագույն առաջադիմությամբ ուսանողներին բուհերն անվանական կրթաթոշակներ են տրամադրում՝ տարեսկզբին կազմակերպվող մրցույթների հիման վրա: Մրցույթին կարող են մասնակցել առկա ուսուցմամբ բակալավրի 2-րդից մինչև 4-րդ կուրսերի, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով` առաջին կիսամյակն ավարտած պետական և ոչ պետական բուհերի ուսանողները:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Կրթաթոշակներ տրամադրվում են հետևյալ մանագիտական ոլորտներում սովորող ուսանողներին՝

1. Բնագիտական (այդ թվում` մաթեմատիկական-տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներ (ՏՀՏ)

2. Բժշկություն

3. Հումանիտար գիտություններ

4. Հասարակագիտություն

5. Ճարտարագիտություն (այդ թվում` ճարտարապետական/գյուղատնտեսական)

6.  Մշակույթ–սպորտ

7. Հայագիտություն:

Մրցույթի չափորոշիչները՝

Մրցույթում ուսման առաջադիմությունը գնահատվում է 8-10 միավորներով`

ա. 8 միավորի կարող են հավակնել այն թեկնածուները, ովքեր բակալավրում մեկ ուստարվա արդյունքների ամփոփմամբ հաղթահարել են միջին որակական գնահատականի՝ (ՄՈԳ) առավելագույն արժեքի 80%-ը, իսկ մագիստրոսի կրթական ծրագրում` ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 85%-ը,

բ. 9 միավորի կարող են հավակնել այն թեկնածուները, ովքեր բակալավրում հաղթահարել են ՄՈԳ-ի հնարավոր առավելագույն արժեքի 85%-ը, իսկ մագիստրոսները ` ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 90%-ը,

գ. 10 միավորի կարող են հավակնել այն թեկնածուները, ովքեր բակալավրում  հաղթահարել են (ՄՈԳ)-ի  հնարավոր առավելագույն արժեքի 90%-ը, իսկ մագիստրոսները՝ ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 100%-ը:


Ուսանողները կգնահատվեն 5-7 միավորներով`

ա. 5 միավորի կարող են հավակնել այն թեկնածուները, ովքեր մասնակցել են համապատասխան ոլորտի ներհամալսարանական գիտաժողովների, սեմինարների, ֆորումների (զեկուցումներ, հաղորդումներ, ելույթներ) և ունեն պատվոգրեր, գովասանագրեր, դիպլոմներ:

Մշակույթի և սպորտի ոլորտի ուսանողները ներկայացվածի փոխարեն պետք է լինեն քաղաքային և ներբուհական առնվազն երկու ցուցահանդեսի կամ  մրցույթի հաղթող:

բ. 6 միավորի կարող են հավակնել այն ուսանողները, ովքեր մասնակցել են հանրապետական գիտաժողովների, սեմինարների, ֆորումների (զեկուցումներ, հաղորդումներ, ելույթներ) և ունեն առնվազն երկու հրատարակված աշխատանք հանրապետական գիտական ամսագրերում:

Մշակույթի և սպորտի ոլորտի ուսանողները ներկայացվածի փոխարեն պետք է հանրապետական առնվազն երկու ցուցահանդեսի կամ մրցույթի հաղթողներ լինեն:

գ. 7 միավորի կարող են հավակնել այն թեկնածուները, ովքեր մասնակցել են ներկայացված ոլորտների` միջազգային գիտաժողովների, սեմինարների, ֆորումների (զեկուցումներ, հաղորդումներ, ելույթներ) և ունեն առնվազն երկու հրատարակված աշխատանքներ միջազգային գիտական ամսագրերում:

Մշակույթի և սպորտի ոլորտի ուսանողները ներկայացվածի փոխարեն պետք է լինեն միջազգային առնվազն երկու ցուցահանդեսի կամ մրցույթի հաղթողներ:


3-5 միավոր կստանան, նրանք, ովքեր՝

ա. 3 միավորի կարող են հավակնել այն թեկնածուները, ովքեր ունեն ներֆակուլտետային հասարակական ակտիվություն,

բ. 4 միավորի կարող են հավակնել այն թեկնածուները, ովքեր անդամակցում են ներֆակուլտետային ուսանողական կառույցներին և ակտիվորեն ներգրավված են դրանց աշխատանքներում,

գ. 5 միավորի կարող են հավակնել այն թեկնածուները, ովքեր անդամակցում են համալսարանական ուսանողական կառույցներին և ակտիվորեն ներգրավված են դրանց աշխատանքներում։


 Մրցույթի ներբուհական փուլ

Ներբուհական փուլում մրցութի հանձնաժողովի կազմում լինում են համապատասխան ֆակուլտետների դեկանները, ամբիոնի վարիչները, ինչպես նաև գիտական խորհրդի, ռեկտորատի, ուսանողների հետ արտաուսումնական աշխատանքների համակարգման բաժնի, ՈՒԽ-ի, ՈՒԳԸ-ի ներկայացուցիչները:

Բուհը մրցույթի առաջին փուլի արդյունքներով  ՀՀ ԿԳՆ է ներկայացնում ըստ ոլորտների և կրթական ծրագրերի մեկական հաղթողների հետևյալ փաստաթղթերը`

1) մասնակցության հայտ (Օրինակը՝ ներքևում)

2) ըստ չափանիշների` հավաքած միավորները.

3) քաղվածք ֆակուլտետի խորհրդի նիստի արձանագրությունից.

4) ստուգման գրքույկի պատճեն, առաջադիմության թերթիկ.

5) բնութագիր.

6) դեկանի և պրոռեկտորի ստորագրությամբ հրապարակումների ցուցակ կամ ստեղծագործական, սպորտային մրցույթների, օլիմպիադաների մասնակցությունը հավաստող փաստաթղթեր:

Հանձնաժողովը մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո,  մինչև դեկտեմբերի 10-ը յուրաքանչյուր ոլորտում առավելագույն միավորների հիման վրա որոշում է հաղթողներին (1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր):


Պատրաստեց՝ Զառա Մանուչարյանը
www.dialogue.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս