Ցանցահենների գրոհները ՌԴ ՆԳՆ-ից տեղեկատվության արտահոսքի չեն հանգեցրել
ՌԴ ներքին գործերի նախարարության կառույցների վրա վիրուսային գրոհները հետաքննվում են Անվտանգության դաշնային ծառայության ներգրավմամբ, մայիսի 21-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել են ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնում։
«Ռուսաստանի ՆԳՆ տեղեկատվական ռեսուրսների տեղեկատվության արտահոսքն իսպառ բացառված է։ Ներկայում գերատեսչության տեղեկատվական համակարգերն աշխատում են սովորական ռեժիմում»,- տեղեկացրել են մամուլի կենտրոնում։
Հայտարարությունում նաև նշվում է, որ ՌԴ ՆԳՆ-ն պլանային կարգով իրականացվում է անցումը ռուսաստանյան սարքածրագրային միջոցներին։
«Ի լրումն տեղադրված «Էլբրուս» սերվերների՝ ճանապարհային տեսչության ստորաբաժանումները և պետական ծառայությունների մատուցման կետերը կզինվեն ռուսաստանյան «Բայկալ» պրցեսորի հիմքով կառուցված աշխատանքային կայաններով»,- հայտնել են մամուլի կենտրոնում։
ՆԳՆ-ում նար հայտարարել են, որ գերատեսչության սերվերային ռեսուրսները չեն վարակվել՝ «Էլբրուս» ռուսաստանյան սերվերներով և գործառնական համակարգերի կիրառման շնորհիվ։
Մայիսի 12-ին ՌԴ ՆԳՆ-ում գրանցվել է վիրուսային գրոհ գերատեսչության անհատական համակարգիչների վրա, որոնք աշխատել են Windows գործառնական համակարգով։ Ժամանակակին ձեռնարկված միջոցների շնորհիվ արգելափակվել է 1000-ի կարգի համակարգիչ։
Մի քանի օրվա ընթացքում WannaCry դրամաշորթծրագիրն արգելափակել է առնվազն 200 հազար համակարգիչ 150 երկրում։ WannaCry-ը գաղտնագրում է օգտատիրոջ նիշքերը (ֆայլեր), ինչից հետո դրանց օգտագործումն անհնար է դառնում։ Գաղտնազերծման համար օգտատերերից փրկագին են պահանջում։
Ավելի վաղ տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել էր, որ համաշխարհային կիբեռհարձակման հետևանքով Հայաստանում այդ վիրուսով վարակվել է մոտ 1000 համակարգիչ. վարակվել են ոչ միայն անհատների, այլև կազմակերպությունների համակարգիչներ: