ԿԸՀ-ն ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները և բաշխեց ավագանու մանդատները. Tert.am

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները և կազմել արձանագրություն, հաղորդում է Tert.am-ը:։

Ընտրություններին մասնակցում էին «Ելք» կուսակցությունների դաշինքը, «Երկիր Ծիրանի» և Հայաստանի Հանրապետական կուսակցությունները։ Երևանի քաղաքապետի թեկնածուները 3 են՝ Տարոն Մարգարյան (ՀՀԿ), Նիկոլ Փաշինյան («Ելք»), Զարուհի Փոստանջյան («Երկիր Ծիրանի»)։

Ավելի վաղ ԿԸՀ-ն հրապարակել էր քվեարկության մասնակցած քաղաքացիների թիվը՝ 2017թ. մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է 345 226 մարդ՝ ընտրողների 40,99%-ը։

Ըստ ԿԸՀ նախնական արդյունքների՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

«Ելք» կուսակցությունների դաշինք – 21% (70 731 քվե),
«Երկիր Ծիրանի» կուսակցություն – 7.75% (26 109 քվե),
Հայաստանի Հանրապետական կուսակցություն – 71.25% (240 036 քվե):

Մշակված տեղամասերի քանակը՝ 474:

Արձանագրության տակ ստորագրել են Հանձնաժողովի բոլոր անդամները:

ԿԸՀ նիստում բաշխել են նաև Երևանի ավագանու մանդատները: Համաձայն ԿԸՀ որոշման ՝ Հանրապետական կուսակցությունը կստանա 46 մանդատ, «Ելք» կուսակցությունների դաշինքը՝ 14, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 5։

Հիշեցնենք, որ քաղաքային իշխանություններում տեղերի համար պայքարում էին երեք քաղաքական ուժեր՝ ՀՀԿ-ն, «Ելք» դաշինքը ու «Երկիր Ծիրանի» կուսակցությունը։

Նշենք, որ Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` ավագանին ընտրվում է ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և կազմված է 65 անդամից։ Ավագանին ընտրվում է չորս տարի ժամկետով:

Նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետն սկսվում է առաջին նիստի գումարման պահից: Այդ պահից ավարտվում է նախորդ ավագանու լիազորությունների ժամկետը: Երևանի ավագանին գործում է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն և օժտված է Երևան համայնքի համար կենսական նշանակության խնդիրները լուծելու իրավասությամբ: Ավագանու հերթական նստաշրջանները գումարվում են փետրվարի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչև հունիսի վերջին չորեքշաբթին և սեպտեմբերի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչև դեկտեմբերի վերջին չորեքշաբթին: Նստաշրջանի ընթացքում յուրաքանչյուր ամիս հրավիրվում է ավագանու առնվազն մեկ նիստ:

Տեսանյութեր

Լրահոս