
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Իրանի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ ԻԻՀ Նախագահի ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի և այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
«Վստահ եմ, որ Ձեր հետագա պաշտոնավարման ընթացքում բարեկամ և հարևան Իրանը կշարունակի իր վերընթաց զարգացման ուղին՝ կարևոր և նշանակալի ներդրում ունենալով տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատման գործում:
Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հայ-իրանական ավանդական ջերմ և բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել բոլոր բնագավառներում՝ արձանագրելով մեր ժողովուրդների միջև փոխգործակցության որակական նոր մակարդակ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, նորանոր հաջողություններ Ձեր նախաձեռնություններում, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն»,- ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում: