Ալիևը կարող է ինքնասպանություն գործել
ԵԱՀԿ Մինսկի խմբի նախօրեի հայտարարությունը՝ մայիսի 15-ին ղարաբաղաադրբեջանական սահմանագծին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, կարելի է համարել վերջին տարիների, եթե ոչ՝ տասնամյակների ընթացքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում արձանագրված ամենալուրջ հաջողություններից մեկը։
Վերջապես ԵԱՀԿ Մինսկի խումբը (գրեթե զուգահեռաբար՝ նաև Ռուսաստանի արտգործնախարարությունը) իրերը կոչեց իրենց անուններով և առաջին անգամ հանդես եկավ հասցեական հայտարարությամբ՝ նշելով, որ հրադադարի խախտումն ու ռազմական ավանտյուրան սկսել է Ադրբեջանը, իսկ Հայաստանն ընդամենը հանդես է եկել պատասխանողի դիրքից։ Չափազանցված չեն այն գնահատականները, որ սա միջազգային հանրության ապտակը կամ հարվածն էր Ադրբեջանին, որն ամեն ինչ անում էր ու անելու է ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները տապալելու համար։
Խոսքը հրադադարի խախտումներն արձանագրող մեխանիզմի ներդրման ու ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակազմի ընդլայնման մասին է, որոնց կատարումը Հայաստանը, ըստ էության, ներկայացնում է՝ որպես նախապայման բանակցային գործընթացը շարունակելու համար։
Այս հայտարարություններով ԵԱՀԿ Մինսկի խումբը, ըստ էության, լեգիտիմացնում է հայկական կողմի պահանջը։ Որքանո՞վ է այս արդյունքը ձեռք բերվել հայկական դիվանագիտության շնորհիվ, որքանո՞վ է այն աշխարհաքաղաքական ընթացիկ զարգացումների արտահայտությունը, այս պահին դժվար է ասել։
Կարևորը, սակայն, այս արդյունքը պահպանելն ու նախաձեռնողականության վերածելն է, ինչը պետք է դառնա Հայաստանի դիվանագիտության թիվ մեկ խնդիրն առաջիկա ժամանակաշրջանի համար։ Ադրբեջանի կրակոցներն այսպիսով կարող են վերածվել ինքնասպանության կրակոցների։
Ընդ որում, ստեղծված իրավիճակն ամենևին չի նշանակում, որ Ադրբեջանը կարող է համարժեք հետևություններ անել և տեղափոխվել ռացիոնալ դաշտ։ Բացառված չէ, որ Ալիևն այս իրավիճակից ելքն ու սեփական հասարակությանն ասելիքի բացակայությունը փոխհատուցի սահմանային ավելի ինտենսիվ միջադեպերով։ Առաջիկա ժամանակաշրջանը կարող է վտանգավոր լինել։