Զսպում են Ադրբեջանին
«Ադրբեջանն արդեն զզվեցրել է բոլորին, և նրա լկտի պահվածքն արդեն վիրավորական է գերտերությունների համար։ Մենք միշտ ընդգծում էինք, որ անհրաժեշտ է հասցեական կոշտ հայտարարություն ագրեսորին, բայց նաև հասկանալի էր ՄԽ համանախագահների պահվածքը. նրանք փորձում էին էլ ավելի չվատթարացնել իրավիճակը, հատկապես, որ Ադրբեջանը դրան սպասում էր, որպեսզի կրկին աննորմալ քայլերի դիմի։ Բայց, ըստ երևույթին, այլ հնարավորություն այլևս չկար, և պետք է հասցեական լիներ»,- մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը՝ 168.am-ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։
«Երբ ասում ենք, որ պետք է լինի խաղաղ կարգավորում, դա ոչ միայն համամարդկային շահերից է բխում, այլև այդ պետությունների ազգային շահերից։ Հիմա Ադրբեջանն ուզում է դա խարխլել, և բոլորի համար պարզ է, որ, եթե այստեղ լայնածավալ պատերազմ սկսվի, կամա թե ակամա դրան մասնակցելու են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը, Թուրքիան և այլք։ Սա կարող է երրորդ համաշխարհայինի սկիզբ դառնալ, ինչն անթույլատրելի է»,- հավելել է նա։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: