
«Ես նոր ընտրարշավ եմ սկսում». Մարին լե Պենը

Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը մայիսի 19-ին հայտարարել է, որ իր թեկնածությունն առաջադրում է երկրի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) ընտրություններում: Լե Պենը ելույթ է ունեցել Էնեն Բոմոն քաղաքում (երկրի հյուսիսարեւմտյան մաս): Այստեղից նա արդեն երկու անգամ առաջադրվել է խորհրդարանական ընտրություններում, բայց երկու անգամն էլ պարտվել է:
«Կարծում եմ, որ անցած նախագահական ընտրություններից հետո մեր կուսակցությունը պետք է իր ներկայությունն ուժեղացնի տեղերում, ինչպես նաեւ ջանա հնարավորինս շատ տեղեր նվաճել Ազգային ժողովում: Ես նոր ընտրարշավ եմ սկսում եւ իմ թեկնածությունն եմ առաջադրում Ազգային ժողովում: Մեր կուսակցությունը եւ նրա ներկայացուցիչներն ամբողջովին կենտրոնացած են այս ընտրություններին մասնակցելու վրա, եւ ես կգլխավորեմ իմ զորքը»,-ասել է Մարին լե Պենը:
Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրություններն անցկացվելու են երկու փուլով՝ հունիսի 11-ին եւ 18-ին: Վերջերս Opinion Way սոցիոլոգիական ուսումնասիրությունների ծառայության կողմից արված կանխատեսման համաձայն, «Ազգային ճակատը» հնարավորություն ունի խորհրդարանի ստորին պալատում նվաճել 10-15 տեղ այն դեպքում, երբ «Հառաջ, Հանրապետություն» նախագահական շարժումը 280-ից մինչեւ 300 տեղ կստանա 577-ից: Ինչպես նշում են քաղաքական մեկնաբանները, «Ազգային ճակատը» իրական հնարավորություն ունի ստորին պալատում դառնալ հիմնական ընդդիմադիր ուժը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: