Դավիթ Մանուկյանը հերքում է՝ Վարդան Այվազյանի հետ խնդիրներ չեն եղել

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանը` Անդրանիկ Մանուկյանի որդին, խոստացավ ամեն ինչ անել` նիստերից չբացակայելու համար:

«Ես ամեն ինչ կանեմ և, իհարկե, որ չբացակայեմ»,- ասաց նա` վստահեցնելով նաև, որ հանդես է գալու օրենսդրական նախաձեռնություններով:

Թե ի՞նչ խնդիրներ կան իր ընտրատարածքում, Դավիթ Մանուկյանը նշեց, որ դրանք շատ են` աշխատատեղերի բացակայություն, ենթակառուցվածքներ և այլն: Հարցին` ի՞նչ է փոխելու այս Ազգային ժողովում՝ պատգամավոր պատասխանեց. «Ես չեմ եկել որևէ բան փոխելու, եկել եմ, որ իմ ընտրողների հույսերն արդարացնեմ»:

Իսկ թե ի՞նչ են պահանջում իրենց ընտրողները՝ հարցին, Դավիթ Մանուկյանը պատասխանեց, որ դրանք շատ են, բայց բոլոր խնդիրներին լուծում տալ չեն կարող, պետք է օրենսդրական նախաձեռնություններով հանդես գան, ընտրողի ձայնը լսելի դարձնեն ԱԺ-ում:

Նա հերյուրանքներ անվանեց մամուլում շրջանառվող լուրերը, որ նույն ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ-ական Վարդան Այվազյանի հետ խնդիրներ են եղել. «Ոչ մի խնդիր չի եղել, դրանք հերյուրանքներ են: Շատ փայլուն, թափանցիկ ընտրություն ենք ունեցել: Դրանք ընդամենը ասեկոսեներ են, որ իրականությանը չեն համապատասխանում»:

Դիտակմանը, որ փաստորեն Հայաստանում պաշտոնները ժառանգաբար են փոխանցվում և որդիները փոխարինում են հայրերին, Դավիթ Մանուկյանը հակադարձեց, թե իրեն 21 հազար ՀՀ քաղաքացի է ընտրել: Նա բացառեց կաշառքը, իսկ իր քաղաքական կարիերայի սկիզբը նորմալ համարեց` նշելով, որ մարդիկ մորից չեն ծնվում որպես քաղաքական գործիչներ, այլ հետզհետե դառնում են. «Ես ինձ Ազգային ժողովում էի պատկերացնում: Ես չեմ նշանակվել, ինձ 21 հազար ՀՀ քաղաքացի ձայն է տվել»:

 

Տեսանյութեր

Լրահոս