«Մենք այսօր պայքարի երկու ճակատ ունենք՝ մեկն արտաքին թշնամին է, մյուսը՝ ներքին». Սերժ Սարգսյան

«Մենք այսօր պայքարի երկու ճակատ ունենք՝ մեկն արտաքին թշնամին է, մյուսը՝ ներքին»,- այս մասին այսօր 6-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նաև հավելեց. «Արտաքին թշնամուն լավ ենք ճանաչում, գիտենք նաև նրա դեմ արդյունավետ պայքարելու ձևերն ու եղանակները: Փառք ու պատիվ մեր նահատակ զինվորներին ու սպաներին, փառք ու պատիվ այսօր սահմանին կանգնած մեր զինվորին ու սպային»:

Ըստ Սերժ Սարգսյանի՝ արտաքին թշնամուց ոչ պակաս վտանգավոր է ներքին թշնամին:

«Ներքին թշնամին, որոշակի մտածողությունն ու որոշակի երևույթներ են: Այդ երևույթներից ամենավտանգավորը, թերևս, անարդարությունն է: Անարդարությունը ցանկացած պետության համար չարիք է, հիվանդություն, որը հյուծում ու թուլացնում է պետությունը, որը վերացնում է ապագայի նկատմամբ հավատը, թուլացնում է պետության նկատմամբ սերը, պետությունից վանում է իր հազարավոր զավակներին: Ուստի մենք այսօր, առավել քան երբևէ, պայքարի մեկ այլ ճակատ ունենք, որտեղ հաղթանակը ոչ պակաս կարևոր է: Մենք այսօր պատերազմի նոր փուլ ենք հայտարարում անարդարությանը:

Կարդացեք նաև

Դիմու մ եմ բոլորին. մեզնից յուրաքանչյուրը, ինչպես որ պայքարել ու պայքարում է մեր հայրենիքի անկախության, նրա սահմանների անվտանգության համար, նույնպիսի նվիրվածությամբ ու ջանասիրությամբ պիտի պայքարի արդարության համար: Արդարությունը պետք է լինի այն կենարար գաղափարը, որով պետք է սնվեն մեր մանուկները, որով պետք է առաջնորդվեն մեր պետական ծառայողները, որով պետք է ապրեն մեր դատավորները:

Մեզնից յուրաքանչյուրն արդարությունը պետք է պաշտպանի առնվազն այնպես, ինչպես մեր զինվորն է այսօր մեր սահմանը պահպանում: Սահմանը լքելը բոլոր ժամանակներում դավաճանություն է դիտարկվել: Մեր հայրենիքի վաղվա օրվա հանդեպ դավաճանություն պիտի համարենք ցանկացած մեկի, առավել ևս դատավորի թույլ տված անարդարությունը:

Գուցե մի փոքր էմոցիոնալ ստացվեց ասելիքս, բայց երևի այլ կերպ հնարավոր չէ. միայն լավ օրենքներով այս չարիքը մեզնից չենք կարող հեռացնել, ինչպես որ միայն լավ դեղամիջոցներով չենք կարող բուժվել, եթե չենք հավատում մեր ուժերին, մեր բուժվելուն ու ներքին ողջ լարումով դուրս չենք գալիս ներսից մեզ հյուծող չարիքի դեմ»,- նշեց Սերժ Սարգսյանը:

Նախագահը վստահություն հայտնեց, որ Սահմանադրական դատարանի մասին նոր օրենքը, Դատական օրենսգիրքը, այս ոլորտին առնչվող այլ կանոնակարգումները և բոլորի համատեղ ջանքերը նոր որակի են բարձրացնելու մեր արդարադատությունը:

«Այս ճանապարհին ցանկացած թուլացում անընդունելի է, այս ճանապարհից ցանկացած շեղում՝ դատապարտելի: Ուշադրությամբ հետևել եմ բոլոր քաղաքական ուժերի նախընտրական քարոզարշավին։ Շատ մտքեր հնչեցին, եղան քննադատական ելույթներ, մոտեցումների տարբերություններ։ Բայց երբ մտքում զտում ես հրապարակված կարծիքները, ապա դրանք ի վերջո հանգում են միևնույն գաղափարին. մենք պետք է կառուցենք ուժեղ Հայաստան։ Սա էր, ի վերջո, բոլորի ասածը։ Սա՛ է մեր ազգային նպատակը:

Համոզված եմ, որ այս նպատակին են ուղղված եղել նախկին և ներկա կառավարությունների ջանք երն ու աշխատանքը: Այդ նպատակին են ուղղված լինելու նաև վաղվա կառավարությունների ջանքերը: Հետևաբար, խիստ կարևորում եմ այնպիսի երկարաժամկետ նպատակային տնտեսական ցուցանիշների ամրագրումը, որոնց իրագործելը Հայաստանի կառավարությունների համար կլինի ոչ միայն պարտավորություն, այլև պատվի և արժանապատվության հարց:

Հայաստանի անկախացումից անցել է ավելի քան 25 տարի: Այն բավարար ժամանակ է խոր վերլուծություններ կատարելու և հետևություններ անելու համար: Ժամանակն է, որ մեր ծրագրման, թիրախների ամրագրման հորիզոնը դառնա առնվազն 20-25 տարի, արտահայտի այն ցանկություններն ու նպատակները, որոնց մենք ձգտում ենք և հասնելու ենք մեր աշխատանքի շնորհիվ՝ անկախ կուսակցական պատկանելությունից:

Մենք չունենք ածխաջրածիններ և մեծաքանակ այլ բնական ռեսուրսներ, սակայն Հայաստանի եզակի բնակլիմայական պայմաններն ու աշխարհագրական դիրքը և ամենակարևորը՝ ստեղծագործ ու նախաձեռնող քաղաքացիները մեր տնտեսության երկարատև կայուն աճի ու մարդկանց բարեկեցության բարձրացման կարևոր և իրատեսական գրավականներն են: Բնական պաշարները սպառվելու հատկություն ունեն, մարդկային ներուժը՝ ոչ։ Ավելին, այն կարող է մեծանալ»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս