««ՍՊԱՅԿ»-ի օգտագործումն Ադրբեջանի ռազմավարության շարունակումն է». Վաղարշակ Հարությունյան

««ՍՊԱՅԿ»-ի օգտագործումն Ադրբեջանի ռազմավարության շարունակումն է, որի նպատակն է՝ իրականացնել ճնշում հայկական կողմերի վրա»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ մեկնաբանելով մայիսի 15-ին և լույս 16-ի գիշերն արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հրթիռի կիրառումը։

Ըստ նրա՝ բացի դա, իրենք նաև փորձարկում են «ՍՊԱՅԿ»-ի մարտական օգտագործման ձևերը. «Շփման գծում այնպիսի գործընթացներ են գնում, որ հիմա միշտ ակտիվ է և, բնականաբար, հայկական կողմն իր կողմից իրականացնում է համապատասխան գործողություններ, որպեսզի թույլ չտա, որ ադրբեջանական կողմն իրեն զգա անպատժելի»։

Հիշեցնենք, որ 2017թ. մայիսի 15-ին և լույս 16-ի գիշերն արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի տարբեր հատվածներում կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ) և հաստոցավոր հակատանկային նռնականետ (9 արկ):

Իսկ ՊԲ արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հրթիռ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա: Արցախի ՊԲ մամուլի ծառայության համաձայն՝ ադրբեջանական զինուժի սադրանքի արդյունքում պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել: ՊԲ առաջապահ զորամասերն ադրբեջանական զինուժի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Տեսանյութեր

Լրահոս