«Ընդդիմությունը մոտ 250%-ով բարելավել է իր դիրքերն ավագանիում». Թևան Պողոսյան
«Ցավում եմ, որ այդպես էլ չենք կարողանում ազատ, արդար ընտրություններ անցկացնել։ Նույնիսկ իշխող կուսակցությունը, որն ունի հնարավորություններ, այնուամենայնիվ, ընտրակաշառքով է փորձում ընտրություններին մասնակցել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ նկատելով, որ այնուամենայնիվ, ընդդիմությունը մոտ 250%-ով բարելավել է իր դիրքերն ավագանիում։
«Նախկինում ունեինք 7 հոգի, հիմա 19-ն են։ Ավագանին այս անգամ կլինի ավելի հետաքրքիր։ Հաջորդ անգամ չեն ասի, որ Երևանի ավագանու ընտրությունները քաղաքական չեն։ Դրա հետ միասին՝ վերահսկողության ինստիտուտ կձևավորվի ավագանու ներսում, որ որոշումները ոչ միայն լինեն այս կամ այն շենքի վրա ինչ-որ ցուցանակ տեղադրելու մասին, այլ միտված լինեն քաղաքի զարգացմանը»,- պարզաբանեց նա։
Թ. Պողոսյանը նկատեց՝ Փոստանջյանի տեսակն ավագանիում հետաքրքիր կլինի։
«Բայց ցանկացած մարդու սեփական որոշելիքն է։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարմանը ես համաձայն եմ։ Մինչ այդ էլ ասել եմ, որ, եթե հաղթելու է, պետք է մնա, իսկ եթե պարտվելու է, գնա ԱԺ, որովհետև ԱԺ-ում ավելի հետաքրքիր կլինի, քան ավագանիում, և կարող է համագործակցությամբ աշխատել ամենատարբեր հարցերում»,- ասաց նա՝ հավելելով, որ «Երկիր Ծիրանիի» համար շատ հետաքրքիր կլինի գնալ քաղաքապետարան, հատկապես, որ նախընտրական խոստումներ են տվել, թե ինչ կկատարվի ավագանու քննարկումներին:
Հիշեցնենք, որ Փոստանջյանը խոստացել էր նիստերը և Տարոն Մարգարյանի կյանքը դժոխքի վերածել: «Մայիսի 15-ից հետո նա և իր ներկայացրած ՀՀԿ-ն ամեն օր խնդիրներ են ունենալու: Մենք աշխարհով մեկ կողմնակիցների մեծ թիմ ունենք, և Մարգարյանի ու նրա թիմի համար ճանապարհ կբացենք դեպի Դատախազության շենք: Այլևս ոչ մի մարդասիրություն նրանց հանդեպ: Այսուհետև Տարոն Մարգարյանի և իր ղեկավարության համար երկինքը վանդակավոր տեսք կունենա»,- խոստացել է նա: