«Ծառուկյան» դաշինքը վաղը կքննարկի ԱԺ խմբակցության ղեկավարի հարցը
«Ծառուկյան» դաշինքը նախապատրաստվում է մայիսի 18-ին կայանալիք նորընտիր Ազգային ժողովի անդրանիկ նիստին։ Ինչպես 168.am-ի հետ զրույցում հայտնեց դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանը, քննարկվել են օրենսդրական գործունեության իրականացման հետ կապված հարցեր։
«Իմ օրինակով ասեմ՝ նոր չեմ Ազգային ժողովում, ընդհանուր առմամբ ես գիտեմ, բայց մեր ղեկավարության կողմից ուղղություններն են մատնանշվում, թե ինչպես և ինչ արդյունավետությամբ պետք է աշխատենք»,- ասաց Վ.Բոստանջյանը։
Ըստ նրա՝ առաջին ուղղությունը մեր երկրի տնտեսության և դրա իրական հատվածի զարգացման համար առարկայական մոտեցումների հանդես բերումն է, մասնավորապես՝ դա վերաբերում է տնտեսական մրցակցությանը, պաշտպանությանը, հարկային քաղաքականությանը, վարչարարությանը և այլն։
Վ.Բոստանջյանի խոսքով՝ Հարկային օրեսգիրքն ընդունվել է և 2018 թվականից պետք է գործի, բայց շատերի մոտ ոչ հստակ գնահատականներ կան դրա վերաբերյալ։ Նա կարևորեց ՓՄՁ աշխատանքը, որ պայմաններ ստեղծվեն և ՓՄՁ-ները խոցելի վիճակում չգտնվեն, ինչպես մինչ այժմ է. «Մեր ծրագրի առաջնահերթ ու հիմնական 15 կետերն իրենց ուժը չեն կորցրել և չէին կարող կորցնել, և, բնականաբար, դրանք ծառացած են մեր երկրի առջև, և խոշոր առումով մեր բոլոր խոսակցություններն ուղղված են եղել այդ ուղղություններով խնդիրների լուծմանը»։
Վ.Բոստանջյանը հայտարարեց, որ Գ.Ծառուկյանն ԱԺ առաջին նիստին անպայման մասնակցելու է։ Խմբակցության ղեկավարի հարցը, ըստ նրա, դեռ չի քննարկվել. «Այդ հարցին մենք կանդրադառնանք երևի թե վաղը»։