«Հետընտրական զարգացումների տեղ չկա, և դրան պատրաստ հասարակություն չկա»

Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները, թերևս, ոչ ոքի մոտ զարմանք չառաջացրեցին։ Մրցակիցներից զգալի առավելությամբ առաջ անցավ Հանրապետական կուսակցությունը՝ 71.25 % կամ 46 մանդատ, «Ելք» դաշինքը՝  21 % կամ 14 մանդատ, և «Երկիր Ծիրանի» կուսակցությունը` 7.75 % կամ 5 մանդատ:

Ի սկզբանե հայտնի էր, որ անկախ քաղաքական ուժերի հավաքած ձայներից, բոլոր երեքն էլ կարող են ներկայացված լինել Երևանի ավագանիում։ Խնդիրը միայն հարաբերակցության մեջ էր։ Այժմ, մինչ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրաստվում է ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակելուն և մանդատները հանձնելուն, քաղաքական ուժերն ամփոփում են անցած փուլը։

ՀՀԿ-ն, ի դեմս փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ հայտարարեց «1 քայլ առաջի» մասին, թե երևանցիների քաղաքացիական «պարտքի» վրա ոչ ոք չի բռնացել, ու, թեև արձանագրված եզակի միջադեպերը տհաճ են, բայց դրանք չեն կարող ստվերել ընտրությունների որակը։

«Ելք» դաշինքը հայտարարեց, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները, ընդհանուր առմամբ, ձևավորվել են ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեարկության արդյունքում, միաժամանակ՝ ՀՀԿ նախընտրական շտաբներից համատարած ընտրակաշառք է բաժանվել, որի մասին «Ելք» դաշինքն ունի անառարկելի ապացույցներ։

Ըստ «Ելքի»՝ ՀՀ իրավապահ մարմինները ցուցաբերել են հանցավոր անգործություն, իսկ որոշ դեպքերում հովանավորել են այդ գործընթացը՝ ընդհուպ խոչընդոտելով դրանց բացահայտմանը, ՀՀ ոստիկանությունը լծված է եղել ՀՀԿ-ի օգտին ձայներ ապահովելու գործին, ինչը կոպտորեն հակասության մեջ է մտնում Ոստիկանության քաղաքական չեզոքության մասին ՀՀ օրենսդրության պահանջների հետ: Դաշինքը ռազմավարական նպատակ է հռչակում ՀՀ քաղաքացիների շրջանում տիրապետող հուսահատության մթնոլորտի հաղթահարումը. «Ընտրակաշառքների բաժանման շղթայում ներգրավված են եղել տասնյակ-հազարավոր քաղաքացիներ, և այդ երևույթի նկատմամբ ձևավորվել է հանրային հանդուրժողականության մթնոլորտ, ինչը հայոց պետականության հիմքում դրված դանդաղ գործողության ռումբ է»:

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ հնարավոր է՝ 3-5 ընտրատեղամասերում վերջնահաշվարկի դիմում ներկայացնեն, սակայն դա ընտրությունների արդյունքների վրա չի ազդի։

Դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը գնում է Ազգային ժողով, ավագանի գնացողներից ինքնաբացարկի դիմումների մասին տեղեկություն չկա։ Թե ովքե՞ր են ղեկավարելու «Ելքի» խորհրդարանական և ավագանու խմբակցությունները, դեռևս չեն քննարկել։

Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում ընտրախախտումների վերաբերյալ ձեռք բերված բոլոր փաստերի՝ «Զիբիլիքսի» կապակցությամբ՝ «Ելք» դաշինքը հաղորդում է ներկայացրել և դիմելու է ՀՀ գլխավոր դատախազին։ Մեր հարցին, թե ՀՀԿ-ականներն ասում են, որ այդ ամենն իրենց հետ կապ չունի, իրենց չի վերաբերում, ինչպե՞ս են ապացուցելու, որ այդ թղթերը ՀՀԿ-ին են պատկանել, և ի՞նչ երաշխիք, որ Դատախազությունը քայլեր կձեռնարկի, Ն.Փաշինյանը պատասխանեց, որ նախ՝ Ոստիկանության 27-02-02 հեռախոսահամարից ուղարկված ֆաքս է, գնալու են և հանեն դա, իմանան, թե ուր է ուղարկվել այդ ֆաքսը, երկրորդը՝ կան մարդկանց անուն-ազգանուններ, պարզելու են՝ ՀՀԿ-ի և դրա բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունե՞ն, թե՞ ոչ։

«Ինչ վերաբերում է երաշխիքին, մենք Ազգային ժողովում ունենք խմբակցություն, մենք խմբակցություն ունենք Երևանի ավագանիում, և որևէ մեկը չի կարող մտածել, թե այս պատմությունը մենք թողնելու ենք՝ հենց էնպես անցնի։ Չի անցնի։ Կառավարության ցանկացած ներկայացուցիչ, որ գալիս է Ազգային ժողով, պետք է պատրաստ լինի, այս հարցերի շուրջ շատ սուր խոսակցություն է լինելու»,- ասաց Ն.Փաշինյանը։

Նա ետընտրական ցույցերի ու երթերի կարիք չի տեսնում. «Մենք փուստ կրակոցի կարիք չունենք։ Այն քաղաքական ուժը, որ կարող է հետընտրական պայքարով իշխանափոխություն անել, կարող է դա անել նաև ընտրությունների միջոցով»։

«Ելքը» հայտարարեց, որ ամենախիստ կերպով դատապարտում է Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր հանդեպ բռնության կիրառումը։ Ըստ Է.Մարուքյանի՝ իրենք գտնում են, որ Ոստիկանության գործողություններն իրավաչափ չեն, այդ բռնությունների համար նյութեր պետք է նախապատրաստվեն Հատուկ քննչական ծառայությունում և պատասխանատուները պատժվեն։

Կհամագործակցե՞ն արդյոք ավագանիում «Ելք» և «Երկիր Ծիրանի» խմբակցությունները, դեռ պարզ չէ։ Է.Մարուքյանը համագործակցության պատրաստակամություն հայտնեց՝ միաժամանակ հարցադրում անելով՝ «Երկիր Ծիրանին» վերցնելո՞ւ է մանդատները։

Այս հարցը դեռևս պարզ չէ հենց «Երկիր Ծիրանիի» անդամների համար։ Այսօր կուսակցությունը նախատեսում է նիստ գումարել և քննարկել Երևանի ավագանու մանդատները վերցնել-չվերցնելու հարցը։ Մեզ հետ զրույցում կուսակցության անդամ, ավագանու թեկնածու Հայկ Պետրոսյանը նշեց, որ նիստից հետո կտարածվի հայտարարություն կամ ասուլիս կհրավիրվի։ Նա հիշեցրեց, որ ընտրությունների օրը Զ.Փոստանջյանի մամլո ասուլիսի ժամանակ հրապարակվել է ազգային դիմադրության շարժում ստեղծելու բանաձևը։

Զ.Փոստանջյանի և նրա դստեր դեմ կիրառված բռնության կապակցությամբ ՄԻՊ-ը հանդես է եկել հայտարարությամբ՝ «ապօրինի» որակելով Ոստիկանության գործողությունները։ Այժմ կուսակցության իրավաբանը զբաղվում է խնդրով և փաստաթղթերն է նախապատրաստում դատարան դիմելու համար։ «Մենք հետամուտ ենք լինելու, որ բոլոր մեղավորները դատվեն, որովհետև այն, ինչ տեղի է ունեցել, ապօրինի էր։ Զ.Փոստանջյանը գործող պատգամավոր է»,- ասաց Հ.Պետրոսյանը։

Քաղաքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ ընտրությունների արդյունքներն անակնկալի չեն բերել, ուժերի հարաբերակցությունը միանգամայն կանխատեսելի էր.

«Բնականաբար, երեք քաղաքական ուժ էր մասնակցում, երեքն էլ, այսպես թե այնպես, խմբակցություն ունենալու էին։ Մեծամասնության հարցում, կարծում եմ, շատերը բավականին իրատես էին և քաջ գիտակցում էին, որ 2017 թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններն ավելի են մեծացրել հիասթափությունն ընտրական պրոցեսից, և դա արտացոլվեց նաև մասնակիցների թվում։ Նաև փաստացի այն արդյունքները, որ արձանագրեց ընդդիմությունը, բնակաբար, ընտրազանգվածի ավելի մեծ մոբիլիզացիայի հույս չէր թողնում։ Հետևաբար՝ արդյունքները միանգամայն կանխատեսելի էին։ Ես շատ մեծ մտահոգություններ ունեմ, որ այս ամենն ավելի է խորացնելու իրավիճակը, հուսալքությունը, հիասթափությունը, և դա արդեն տեսանելի է։ Խոսքն ընդհանուր առմամբ հանրության շրջանում փոփոխության հեռանկարի բացակայության մասին է»։

Ըստ նրա՝ բավականին մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել Հայաստանում, թվում է, թե առանց լուրջ միջադեպերի, առաց լցոնումների, առանց հայտնի ընտրակեղծիքների պրոցես է տեղի ունեցել, բայց միևնույն է, դա ոչ թե ընտրություն էր, այլ դա հուսահատության ընտրություններ էին։ Այս կտրվածքով, Ս.Սաֆարյանի կարծիքով, մանդատներ վերցնել-չվերցնելու հարցը մեկընդմիշտ փակ է և այլընտրանք չունի. «Ես կարծում եմ, որ նրանք պետք է վերցնեն մանդատները՝ թե՛ «Ելքը», և թե՛ «Երկիր Ծիրանին»։ Բայց նաև ցավով արձանագրում եմ, որ առանձնապես մեծ խաղի դաշտ չունեն, որովհետև խաղի կանոններն արդեն սահմանված են, և, եթե չփորձեն փոխել խաղի կանոնները երկրում, դրանց շրջանակներում, անկախ նրանից, թե ինչքան համառությամբ ու հետևողականությամբ կաշխատեն Երևանի ավագանիում, խորհրդարանում, թե այլուր, միևնույն է, ժամանակը մաշեցնելու է նրանց ուժերը»։

Քաղաքագետի խոսքով՝ հետընտրական զարգացումների տեղ չկա, և դրան պատրաստ հասարակություն չկա։ Դիտարկմանը, որ «Երկիր Ծիրանիի» հայտարարած ազգային դիմադրության շարժումը ենթադրում է պայքար բոլոր պետական կառույցներից դուրս, Ս.Սաֆարյանը պատասխանեց.

«Նախընտրական տրամադրություններն այնքան պասիվ են եղել, և հասարակության հերթական շոկն այնքան մեծ է, անգամ պարադոքս է, բայց նույնիսկ նրանք, ովքեր ընտրում են ՀՀԿ-ին, շարունակում են բողոքել, դժգոհել, բայց միևնույն է, այդ մարդիկ, բացի խոսելուց, փողոց դուրս չեն գալու։ Ես չգիտեմ՝ այդ դիմադրության շարժումն ինչ հարթակների մասին է խոսքը, փողոցային պայքարի մասին է, թե ինչ, բայց չեմ կարծում, որ լուրջ շանսեր կան»։

Տեսանյութեր

Լրահոս